ԱՄՆ-ը ՌԴ-ի հետ գաղտնի ծրագրի վրա է աշխատում՝ Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու համար․ Կիև է մեկնել ԱՄՆ ռազմական պատվիրակություն

Քաղաքականություն

19.11.2025 | 11:49

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գաղտնի բանակցություններ է վարում Ռուսաստանի իշխանությունների հետ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ծրագրի շուրջ։ Այս մասին հաղորդել է ամերիկյան Axios -ը՝ վկայակոչելով ԱՄՆ և Ռուսաստանի պաշտոնյաներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ խոսքը 28 կետից բաղկացած ԱՄՆ ծրագրի մասին է, որը ոգեշնչված է Թրամփի՝ Գազայի հատվածի հարցը լուծելու հաջող ջանքերից։ Ծրագիրը վերաբերում է չորս ասպեկտի՝ խաղաղություն Ուկրաինայում, անվտանգության երաշխիքներ, անվտանգություն Եվրոպայում և Վաշինգտոնի՝ Մոսկվայի ու Կիևի հետ հարաբերությունների ապագան։

Axios-ը պնդում է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆն աշխատում է փաստաթղթի վրա և այն մանրամասն քննարկել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ։ Վերջինը հոկտեմբերի 24-ից 26-ը Մայամի էր այցելել՝ նշելով, որ երեք օր անցկացրել է Ուիթկոֆի և Թրամփի թիմի մյուս անդամների հետ բանակցություններ վարելով։

«ԱՄՆ-ում արդյունավետ եռօրյա հանդիպումներ Ուիթկոֆի հետ։ Մենք քննարկել ենք խաղաղության, առևտրի և տնտեսական համագործակցության ուղին։ Առաջիկայում սպասվում է հետագա առաջընթացը»,- գրել է Դմիտրիևը X սոցիալական ցանցում։

Axios-ը չի ներկայացնում խաղաղության ծրագրի մանրամասները կամ կողմերի դիրքորոշումները Ուկրաինայի տարածքային հարցերի վերաբերյալ: Նոյեմբերի 18-ին Դմիտրիևը լրատվամիջոցին ասել էր, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները քննարկել են բանտարկյալների հերթական փոխանակման հնարավորությունը:

Վերջին ժամերի ընթացքում The Wall Street Journal-ը ու Politico-ն հրապարակումներ են արել, որ վերջին շրջանում  ամերիկյան հազվագյուտ ռազմական պատվիրակությունը՝ ցամաքային զորքերի նախարար Դեն Դրիսկոլի գլխավորությամբ, ուղևորվում է Կիև։ Դրիսկոլը, ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ռենդի Ջորջը և Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատար, գեներալ Քրիս Դոնահոն երեքշաբթի գիշերային գնացք են նստել Լեհաստանում, հաղորդում է Wall Street Journal-ը: Նրանք քննարկելու են «պատերազմը դադարեցնելու գաղափարները», մարտադաշտում տիրող իրավիճակը և Ուկրաինայի զենքի արտադրությունը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment