Լեհաստանի լճերից մեկի հատակում շքեղ զարդարված միջնադարյան «իշխանի» նիզակ է հայտնաբերվել


Ոճ և դեմքեր


Հնագետները Լեհաստանի Լեդնիցա լճի ջրի տակ հայտնաբերել են միջնադարյան նիզակի չորս ծայրեր, որոնցից մեկն առանձնապես աչքի է ընկնում. այն զարդարված է ոսկով, արծաթով, բրոնզով և խրթին երկրաչափական նախշերով, գրում է Live Science-ը։


Այդ հարուստ զարդարանքը՝ պարույրներ, տրիսկելիոններ (մեկ կետից դուրս եկող երեք փախչող ոտքի տեսքով նշան -խմբ.) և «թևեր» հիմքում, գիտնականներին հուշում է, որ նիզակը կարող է լինել ոչ միայն զենք. այն, ամենայն հավանականությամբ, կարգավիճակի խորհրդանիշ է, ծիսական առարկա կամ ազնվական զինվորի, արքայազնի կամ էլիտայի անդամի դրոշ։


Նիզակներից մեկը պահպանել է իր՝ մոտավորապես 2 մետր երկարությամբ փայտե ձողը, իսկ նրա հիմքին եղջերուի եղջյուրի օղակ է ամրացված՝ շատ հազվագյուտ առանձնահատկություն։



Լեդնիցա լիճը վաղուց հայտնի է հնագետներին. տարիների հետազոտությունների ընթացքում այնտեղ ավելի քան 200 հնագույն զենք է հայտնաբերվել։


Լճում զենքերի այդքան մեծ քանակի պատճառները քննարկվում են. հնարավոր է, որ որոշ նիզակներ ընկել են այնտեղ մարտերի ժամանակ, հատկապես, երբ կամուրջները կապում էին Լեդնիցկի կղզին և նրա ափերը։ Մեկ այլ վարկածով էլ զենքերը ծիսական զոհաբերություններ էին. այդ օրերին ջուրը կարող էր դիտվել որպես « անդրշիրիմյան աշխարհ տանող դարպաս»։


Հնագետները մտադիր են հետագա հետազոտություններ անցկացնել. արդեն իսկ իրականացվում է մետաղական կազմի վերլուծություն՝ զարդերի և հնարավոր արհեստավորների ծագումը որոշելու, ինչպես նաև Լեդնիցա լճի դերը միջնադարյան Լեհաստանի քաղաքական և ծիսական կյանքում ավելի լավ ըմբռնելու համար։





Leave a Comment