Մարմաշեն վանքի տարածքում Գնել Սարգսյանի կողմից խուլիգանության դեպքով քրվարույթ կնախաձեռնվի․ փաստաբան

Շիրակի մարզի Մարմաշեն վանքի տարածքում դերասան Գնել Սարգսյանի կողմից խուլիգանություն կատարելու դեպքով քրեական վարույթ կնախաձեռնվի, հայտնել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

Նա տեղեկացրել է, որ նոյեմբերի 3-ի որոշմամբ դատարանը բավարարել է իր հատուկ վերանայման բողոքը՝ պարտավորեցրել է քննիչին քրեական վարույթ նախաձեռնել:

Սարգսյանը հունիսի 1-ին այցելել էր Մարմաշենի վանական համալիր, որտեղ միջադեպ էր գրանցվել նրա մասնակցությամբ: Նա տեղի քահանա Տեր Փառենից բացատրություն էր պահանջել իր հայտարարության համար, թե թույլ չի տալու եկեղեցի մտնել «նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին»:

«Որևէ եկեղեցի կամ սրբավայր, որն իմ ենթակայության տակ է, որևէ նմանատիպ անձի թույլ չեմ տալու որևէ նմանատիպ արտահայտություններ անող անձի մտնել եկեղեցի կամ տարածք, դուրս եմ շպրտելու շատ կոպիտ ձևով»,- գրել էր Տեր Փառենը սոցիալական ցանցում։

Հունիսի 2-ին փաստաբան Վահան Հովհաննիսյանը Մարմաշեն համայնքում գտնվող վանական համալիրում առերևույթ խուլիգանության կատարելու դեպքի վերաբերյալ հանցանքի մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։

Leave a Comment