Հայաստանը միանում է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության «NDC Action Now-գործողություններ վճռորոշ պահին» հռչակագրին


Հայաստանը պաշտոնապես միացել է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության կողմից ներկայացված և Բրազիլիայի ու Դանիայի համանախագահությամբ ձևավորված «NDC Action Now-գործողություններ վճռորոշ պահին» հռչակագրին՝ վերահաստատելով իր հանձնառությունը կլիմայական փոփոխությունների դեմ համատեղ, արագացված և արդյունավետ գործողություններին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:


 


Հռչակագիրը կոչ է անում անդամ երկրներին և հաստատություններին ավելի արագ և համապարփակ իրականացնել իրենց Ազգային մակարդակով սահմանված գործողությունները (NDCs)՝ ամրապնդելով համաշխարհային ջանքերը, որոնք ուղղված են ջերմաստիճանի աճը սահմանափակելուն և մարդու ու բնության համար անվտանգ ու կայուն ապագա ապահովելուն։


Հռչակագրին միանալով՝ Հայաստանը ընդգծում է իր պատրաստակամությունը.


  • խթանել կլիմայական քաղաքականության իրականացումը. 

  • աջակցել թափանցիկ, հաշվետու ու տվյալահեն գործողություններին.

  • ներգրավել միջազգային գործընկերներին ֆինանսավորման և տեխնոլոգիական աջակցության համար.

  • զարգացնել տեղական կարողությունները և խթանել ցածր ածխածնային հետագծով տնտեսական զարգացումը։


Կլիմայական ճգնաժամը պահանջում է համախմբված և համարձակ գործողություններ։ Հայաստանը պատրաստ է շարունակել իր ակտիվ ներդրումը համաշխարհային ջանքերում՝ ուղղված կայուն զարգացման և բնության պահպանության նպատակներին:

Leave a Comment