Լեհ հարձակվողը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Մալթայի դեմ խաղում:
Ռոբերտ Լևանդովսկին շարունակում է զարմացնել։ Չնայած տարիքին և մրցաշրջանի մեկնարկում ունեցած ֆիզիկական խնդիրներին, հարձակվողը գրանցել է տպավորիչ ցուցանիշներ՝ 17 խաղում դառնալով 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև պատմական ռեկորդներ սահմանելով իր ազգային հավաքականի կազմում։
Մալթայի դեմ խաղից հետո Լևանդովսկին քննադատաբար է մոտեցել իր ելույթներին, սակայն նշել է, որ այժմ իրեն լիովին պատրաստ է զգում մրցաշրջանի մնացած հատվածի համար։
«Վաղուց այս մակարդակով չէի խաղացել»,- անկեղծացել է ռմբարկուն «TVP Sport»-ին տված հարցազրույցում։
Լևանդովսկին նշել է, որ այժմ վայելում է յուրաքանչյուր հանդիպում և իրեն պատրաստ է զգում հիանալի մրցաշրջան անցկացնելու համար.
«Ես գնահատում եմ այս պահերը։ Խաղադաշտում ինձ քիչ եմ լարված զգում, ինչը գալիս է տարիքի հետ։ Յուրաքանչյուր խաղ և յուրաքանչյուր րոպե մեծ ուրախություն է պատճառում։ Մեզ մնացել է երկու վերջին հանդիպում, և հուսով եմ, որ մարտին կկարողանանք տոնել աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելը։ Ես վայելում եմ իմ խաղը»։
Հարձակվողը ստանձնում է առաջատարի դերը և հույս ունի, որ Լեհաստանի հավաքականին հաջողությունը կժպտա փլեյ-օֆֆի վիճակահանության ժամանակ.
«Մի փոքր կվերադառնանք իրականություն, և հուսով եմ՝ կունենանք այն ամենը, ինչ անհրաժեշտ է փլեյ-օֆֆի համար։ Մենք վաստակել ենք մեր միավորները և հուսով եմ՝ վիճակահանության հարցում բախտը մեր կողմից կլինի։ Այս տարի շատ բան է տեղի ունեցել թե՛ դաշտում, թե՛ դրանից դուրս։ Ուրախ եմ, որ տարվա երկրորդ կեսն անցավ սպասված մակարդակով»,- նշել է նա։
Իրավիճակը «Բարսելոնայում»
Լևանդովսկին այս մրցաշրջանում զգուշավոր է մոտենում իր ծանրաբեռնվածությանը և արդեն երկու անգամ դադար է վերցրել մկանային խնդիրների պատճառով։ «Բարսելոնայում» վստահ են, որ նա պրոֆեսիոնալ է, ով հիանալի խնամում է իրեն և գիտի իր օրգանիզմի սահմանները։ Չնայած մրցաշրջանի դանդաղ մեկնարկին՝ նրա թվերը տպավորիչ են։ Կատալոնական ակումբում համոզված են, որ այս հանգիստը կօգնի լեհ հարձակվողին մրցաշրջանի վերջնամասին մոտենալ լավագույն մարզավիճակում և դառնալ հաջողության գրավականներից մեկը։
Հարձակվողը պատրաստ է ևս մեկ տարով երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ և այդ մասին արդեն տեղեկացրել է ակումբին՝ սպասելով որոշման։ Նա չի պատրաստվում ոչինչ ստիպողաբար անել և կսպասի մինչև մրցաշրջանի ավարտը, որպեսզի ակումբը հստակեցնի նրա ապագան։ Լևանդովսկին պատրաստ է անգամ աշխատավարձի կրճատման և դերակատարման փոփոխության, քանի որ իրեն շատ հարմարավետ է զգում «Բարսելոնայում»։ Այս պահին նրա ցուցանիշները դժվար հասանելի են եվրոպական էլիտայի ցանկացած այլ հարձակվողի համար։