Վաշինգտոնի հայտարարությունը ամուր հիմք է դնում համագործակցության և հարաբերությունների զարգացման նոր դարաշրջանի համար. Սարգիս Խանդանյան


ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Ստամբուլում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային 23-րդ նստաշրջանի «Կամրջող հեռանկարներ. երկխոսության, միջնորդության և վստահության ամրապնդումն անորոշության դարաշրջանում» խորագրով նիստում (Bridging Perspectives: Reinforcing Dialogue, Mediation, and Trust in an Era of Uncertainty):


«Տիկի՛ն նախագահող,


Նախևառաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Թուրքիայի պատվիրակությանը՝ Ստամբուլում հյուրընկալելու համար և շնորհավորել 23-րդ աշնանային նիստի գերազանց կազմակերպման առթիվ:


Սիրելի՛ գործընկերներ,


Մեր նախորդ նստաշրջանների ընթացքում մենք արտահայտել ենք հույս և զգուշավոր լավատեսություն առ այն, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության հասնելու նախաշեմին են: Այսօր այս խորհրդարանական վեհաժողովի պատմության մեջ առաջին անգամ ես պատիվ ունեմ ուրախությամբ հայտարարելու, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել:


Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական խաղաղության հռչակագիրն ամուր և իրական հանձնառություն է երկու երկրների կողմից՝ առաջ մղելու խաղաղության գործընթացը և վերջապես փակելու հակամարտության էջը: Մենք գնահատում ենք Միացյալ Նահանգների կարևոր դերը և նախագահ Թրամփի առաջնորդությունը, ով, իսկապես, իրականություն է դարձրել մեր այսօրվա քննարկման թեման:


Վաշինգտոնի հայտարարությունը դնում է ամուր հիմք համագործակցության և հարաբերությունների զարգացման նոր դարաշրջանի համար՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հարգանքի վրա:


Այն նաև ծառայում է որպես առաջ շարժվելու հիմք՝ մնացած բոլոր հարցերը լուծելու համար, ներառյալ՝ մեր երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը, որը նախաստորագրվել էր վաշինգտոնյան գագաթնաժողովի ընթացքում:


Տարածաշրջանային հաղորդակցությունների բացման վերաբերյալ մեր քննարկումները հիմա դարձել են առավել քան գործնական՝ ներառելով TRIPP ուղու իրագործմանն ուղղված քայլերը՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում: Այս ուղին կնպաստի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանին, այլ նաև կունենա գլոբալ նշանակություն՝ կապելով Կենտրոնական Ասիան Եվրոպային:


Անցնելիք ճանապարհը մեզնից պահանջում է համբերություն և հոգատարություն՝ փոխադարձ վստահություն կառուցելու համար: Վստահության կառուցման կարևոր քայլ էր ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և հարակից կառույցների փակումը Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա:


Եվ վերջապես, այստեղ՝ Թուրքիայում գտնվելով, չեմ կարող չարտահայտել իմ լավատեսությունը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես շուտով կբերի դրական արդյունքներ: Այժմ ընթացող կառուցողական և ակտիվ քաղաքական երկխոսությունը մեզ հույս է տալիս, որ այն շուտով կվերածվի մեր հարաբերությունների ինստիտուցիոնալացման, սահմանների բացման և ավելի լայն համագործակցության:


Շնորհակալ եմ»,- ասել է Սարգիս Խանդանյանը:

Դիտումների քանակ15

Leave a Comment