ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում Ստամբուլում նոյեմբերի 18-ին կայացել է երկկողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջև, հայտնում է ՀՀ ԱԺ-ն։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական դերը և կարծիքներ են փոխանակել ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված հաջորդ քայլերի, ինչպես նաև երկու երկրներում խորհրդարանական աջակցության կարևորության վերաբերյալ գործընթացին:
Ըստ հաղորդագրության՝ անդրադարձ է կատարվել վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման գործում խորհրդարանների դերին: Երկուստեք շեշտվել է միջազգային կազմակերպություններում խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության կարևորությունը:
Նշվում է, որ այս հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև հոկտեմբերի 21-ին Ժնևում կայացած քննարկումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:
Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։ Սիմոնյանը դրական էր գնահատել այն՝ նշելով, որ երկուստեք ընկալում կա, որ խորհրդարանները պետք է իրենց վրա վերցնեն հանրություներին պատրաստելու, մերձեցնելու, խաղաղության իրականության մեջ ապրելու, իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը:
