Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին շարունակում է տրամադրվել 3–ից 5 միլիոն դրամ միանվագ աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու կամ սեփական տուն կառուցելու համար։ Գործող ծրագրում փոփոխություն չի եղել․ տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Միաժամանակ, նախարարությունը ներկայացրել է բոլորովին նոր ծրագիր, որը վերաբերում է 1–3 անձից բաղկացած տեղահանված ընտանիքների կացարանային խնդրի լուծմանը։
Նոր նախագծով նախատեսվում է՝
- տրամադրել վարձավճարի երկարաժամկետ մասնակի փոխհատուցում,
- 120 ամիսների (10 տարվա) ընթացքում,
- ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40.000 դրամի չափով։
Այս տարբերակը նախատեսված է այն ընտանիքների համար, որոնք համապատասխանում են գործող բնակապահովման ծրագրի պահանջներին, սակայն նախընտրում են կացարանի խնդիրը լուծել ոչ թե բնակարան ձեռք բերելով, այլ երկարաժամկետ վարձակալությամբ։
Նախագիծը ներկայում գտնվում է հանրային քննարկման փուլում՝ e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ Քաղաքացիները կարող են ներկայացնել իրենց առաջարկներն ու դիտարկումները սահմանված ժամկետներում, որոնք անհրաժեշտության դեպքում կընդգրկվեն ծրագրի վերջնական տարբերակում։