2026 թվականի ամռանը նախատեսվում է սկսել օպտիկամանրաթելային մալուխի անցկացման աշխատանքները, որը Կասպից ծովի հատակով կկապի Ադրբեջանն ու Ղազախստանը: Այս մասին, վկայակոչելով ադրբեջանցի պաշտոնյա Սամեդդին Ասադովի խոսքերը, գրում են տեղական ԶԼՄ-ները։
Կասպից ծովի հատակով մալուխը ձգելու պլանների մասին հայտարարությունն արվել է հեռահաղորդակցության զարգացման համաշխարհային համաժողովի ընթացքում: Հաղորդվում է, որ մալուխի արտադրությունն արդեն մեկնարկել է, աշխատանքների ամբողջական ավարտը և մալուխի հետագա շահագործումը նախատեսվում է հաջորդ տարվա վերջին:
«Ներկայումս ավարտվել են Կասպից ծովի հատակի հատվածում մայրուղու վերլուծության աշխատանքները, որտեղ կանցնի այդ մալուխը։ Մոտ ժամանակներս այդ աշխատանքներն իրականացնող ընկերությունը հաշվետվություն կներկայացնի օպերատորներին և նախագծի մասնակիցներին», – հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։
Ադրբեջանի իշխանությունների պլանի համաձայն՝ կապի նոր գիծը կդառնա «տարածաշրջանում Ադրբեջանի՝ որպես թվային տեխնոլոգիաների կենտրոնի, այդ թվում՝ արհեստական ինտելեկտի ոլորտում դիրքերի ամրապնդման առանցքային գործոն»:
