Հայաստանը վճռական է կլիմայական քաղաքականության իրականացման հարցում. ՇՄ նախարարը՝ Բրազիլիայում


Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ համաժողովին (COP30) մասնակցելու նպատակով գտնվում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:


 


«Այցի շրջանակում նախարար Մաթևոսյանը հանդիպել է Կորստի և վնասի արձագանքման հիմնադրամի (FRLD) գործադիր տնօրեն Իբրահիմա Շեյխ Դիոնգի հետ։


 


Նախարարը ողջունել է զարգացող երկրների համար նախատեսված ֆինանսավորման հայտերի ներկայացման նոր գործընթացի (BIM CFR) գործարկումը՝ ընդգծելով, որ այն կարևոր շրջադարձային փուլ է հիմնադրամի գործունեության և միջազգային կլիմայական ֆինանսավորման համակարգում դրա դերի ամրապնդման համար։


 


Կողմերը նշել են, որ հիմնադրամը առանցքային գործիք է հատկապես կլիմայական ազդեցություններին առավել խոցելի երկրների համար՝ նպաստելով ինչպես տնտեսական, այնպես էլ ոչ տնտեսական կորուստների և վնասների հաղթահարմանը։


 


Հանդիպման ընթացքում նախարար Մաթևոսյանը ներկայացրել է Հայաստանի կլիմայական ռիսկերը, վերջին տարիների ընթացքում արձանագրված վնասներն ու կորուստները՝ ընդգծելով, որ Հայաստանը վճռական է կլիմայական քաղաքականության իրականացման հարցում և անհրաժեշտ ֆինանսական աջակցության պայմաններում պատրաստ է արագ առաջ շարժվել։


 


Անդրադառնալով FRLD-ի հետ ապագա համագործակցությանը՝ նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանը արդեն մշակել է երկու նախագծային հայեցակարգեր, և ակնկալում է մոտ ժամանակում հիմնադրամին ներկայացնել իր առաջին ֆինանսավորման հայտը։


 


Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի հյուրընկալման կազմակերպչական հարցերը։


 


Նախարար Մաթևոսյանը ներկայացրել է 2026 թվականին Երևանում կայանալիք համաժողովի տեսլականը և օրակարգը՝ որպես հարթակ, որը միավորում է կենսաբազմազանության, կլիմայի, հողի, պլաստիկի, քիմիական նյութերի և թափոնների կառավարման ուղղությունները՝ նպաստելով ավելի համակարգված և արդյունավետ միջազգային համագործակցությանը։


 


Նախարարը գործընկերներին կրկին հրավիրել է մասնակցելու COP17-ին՝ ընդգծելով համաժողովի կարևորությունը էկոհամակարգային լուծումների, կենսաբազմազանության պահպանման և համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջմղման տեսանկյունից»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment