ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և TRIPP նախագծի առաջմղումը, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետը նշել է, որ վերջին ամիսներին հայ-ամերիկյան համագործակցությունը դուրս է եկել նոր մակարդակի, իսկ Վաշինգտոնում օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթնաժողովում ձևավորված պայմանավորվածությունները արդեն մտել են իրականացման փուլ՝ ըստ ժամանակացույցի։ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ-ի, այդ թվում՝ նախագահ Թրամփի ներդրումը Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում և ընդգծել է երկկողմ հարուստ օրակարգի ընդլայնումը։
Հուքերն իր հերթին նշել է, որ Երևան է ժամանել՝ նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի սահմանած տեսլականը առաջ տանելու նպատակով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է խորացնել համագործակցությունը առևտրի, ներդրումների, ենթակառուցվածքների, տարածաշրջանային կապի և անվտանգության ոլորտներում։ Հուքերը կարևորել է պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերի ղեկավարած աշխատանքային խմբերի գործարկումը, որոնք կոչված են կյանքի կոչելու երկու երկրների միջև հաստատված պայմանավորվածությունները և զարգացնելու TRIPP ուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար։
Կողմերը անդրադարձել են աշխատանքային խմբերի ընթացիկ գործունեությանը, TRIPP նախագծի իրականացման հաջորդ փուլերին և առաջիկա ծրագրերին՝ առանձնացնելով, որ խաղաղության պայմանագրի առաջընթացը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող են տարածաշրջանը վերածել կարևոր առևտրային միջանցքի՝ նշանակալի օգուտներով երկու ժողովուրդների համար։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որը օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
