Չեչեն աղջկա սպանության համար երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հասարակություն

17.11.2025 | 12:05

Չեչնիայի քաղաքացի Այշատ Բայմուրադովայի սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը): Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից։

«Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- նշեց Կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք՝ Երևանի Դեմիրճյան փողոցում հոկտեմբերի 20-ին հայտնաբերվել էր երիտասարդ կնոջ դի։ Ըստ իրավապահ մարմինների՝ մահացածը 23-ամյա չեչեն Այշատ Բայմուրադովան է, նա մինչ այդ 3 օր է՝ անհետացած էր։ Ըստ ՆԳՆ-ի՝ նա բնակարանից դուրս է եկել հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22-ի սահմաններում և չի վերադարձել, սակայն ոստիկանությունն ահազանգ ստացել էր հոկտեմբերի 17-ին. «Ըստ նախնական տվյալների՝ նա նույն օրը գնացել է Դեմիրճյան փողոցի բնակարաններից մեկը, և, կրկին, ըստ նախնական տվյալների, նա մահացել է հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ այսինքն ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում ստանալուց առաջ»։

Factor TV-ն դեռ շաբաթներ առաջ էր գրել, որ Բայմուրադովային խեղդամահ են արել, ապա արագ լքել երկիրը։

Շաբաթներ շարունակ ռուս իրավապաշտպանները և Բայմուրադովայի ընկերները բարձրաձայնում էին, որ նա ընտանեկան բռնության պատճառով էր Չեչնիայից փախել ու ապաստանել Երևանում։

 

Ռոզա Վարդանյան

Leave a Comment