Քվեարկության ընթացքում էական խնդիրներ չենք հայտնաբերել. Իոաննիսյան


Ընտրության ելքի վրա ազդող հնարավոր խնդիրները պետք է ամբողջականության մեջ դիտարկել: Քվեարկության օրը՝ մինչև ժամը 18.00-ն, համեմատաբար հանգիստ է անցել, տարբեր խնդիրներ եղել են, իղարկե, տարբեր կուրյոզային իրավիճակներ, սակայն քվեարկության ընթացքում էական խնդիրներ չենք հայտնաբերել: Այս մասին «Լուրերի» թղթակցի հետ զրույցում ասել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:


Նրա խոսքով՝ էական խնդիրներ հայտնաբերվել են նախընտրական քարոզարշավի ժամանակ:


«Հանցագործության մասին 5 հաղորդում տվել ենք նախընտրական քարոզարշավի ժամանակ, բայց քվեարկության օրը՝ ոչ: Տեսնենք, թե ձայների հաշվարկն ինչպես կընթանա»,- ասաց նա՝ հայտնելով, որ իրենց գնահատականները կտան վաղը:


Ինչ վերաբերում է ընտրողների ակտիվությանը, Իոաննիսյանը հայտնեց՝ ընդհանուր առմամբ ակտիվությունը ուղիղ երկու անգամ ավելի բարձր է այս ընտրություններին՝ համեմատած նախորդի հետ:


«Եվ դա շատ լավ է: Մեր ուշադրությունը գրավում են այն դեպքերը, որոնք ընդհանուր պատկերից շատ տարբերվում են: Ասածն այն է, որ ընդհանուր պատկերից էապես տարբերվող դեպքերը: Օրինակ՝ ակտիվություն առավոտյան ժամերին: Այդ դեպքերը, երբ առավոտյան բարձր ակտիվություն է լինում, երբ մարդիկ սովորաբար նախընտրում են քնել այդ ժամերին, մենք փորձում ենք ուշադրության կենտրոնում պահել»,- ընդգծեց նա:

Դիտումների քանակ2

Leave a Comment