«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ արդեն 4-րդ անգամն է, ինչ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել ավանդական դարձած բարեգործական ընթրիք՝ հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանի մասնակցությամբ։
Այս տարի նոյեմբերի 12-ին ծրագրի մեծ թվով նվիրատուներից ընթրիքին մասնակցել են 44 կայացած և հաջողակ գործարարներ, մշակութային, սոցիալական և կրթական ոլորտի ներկայացուցիչներ:
Ընթրիքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է «Միմյանցից ոգեշնչված» խորագիրը կրող հերթական փուլային նախագծին, որի շահառուներն այս անգամ կրկին սկսնակ կին ձեռներեցներն են։
ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ողջունել է ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով, որ իրենց նվիրատվությամբ կանգնում են հիմնադրամի կողքին:
«528 կին ՀՀ տարբեր մարզերից և Երևանից դիմել են հիմնադրամի սույն ծրագրին՝ սրտատրոփ սպասելով, որ կհաղթահարեն բոլոր փուլերը, կստանան դրամաշնորհ, բիզնես կհիմնեն կամ իրենց ունեցած բիզնեսը կընդլայնեն։ Այս առիթով ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր բոլոր-բոլոր նվիրատուներին, որ օգնում են մեզ իրականություն դարձնել այդ կանանց նպատակները. առանց ձեզ ոչինչ չէր ստացվի: Ես մի մեծ երազանք ունեմ. ի սրտե ցանկանում եմ, որ մեր «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շահառուների բիզնեսները ձեր նվիրատվության շնորհիվ այնքան զարգանան, կայանան և աճեն, որ իրենք էլ մի օր նստած լինեն այս սեղանի շուրջ արդեն որպես նվիրատու»,- ասել է նա:
«Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի խոսքով՝ ծրագրի երեք փուլերը հաջողությամբ ավարտել են:
Ըստ հիմնադրամի փոխտնօրենի՝ 4-րդ փուլը կաջակցի սկսնակ կին ձեռներեցներին:
Բարեգործական ընթրիքի մասնակից, նվիրատու Իրինա Բելուբեկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծել է «Իմ քայլը» հիմնադրամի կատարած աշխատանքի կարևորությունը:
Բարեգործական ընթրիքի՝ ԱՄՆ-ից ժամանած մասնակից, նվիրատու Կարեն Մեյմարյանն էլ նկատել է՝ այս ծրագիրը մարդակենտրոն է, և խրախուսում է բիզնեսի տարածմանը, հույս տալիս մարդկանց:
Բարեգործական ընթրիքի մասնակից, նվիրատու Սուսսաննա Այսիկյանին ոգևորել և հրապուրել է այն, որ ծրագրով օգնում են երիտասարդներին:
Այս տարվա բարեգործական ընթրիքը նշանավորվել է նաև նրանով, որ ծրագրի նվիրատվության ընդհանուր թիվը կրկնապատկվել է, ինչը փաստում է, որ առաքելությանը հավատացողների, հիմնադրամին սատարողների, հիմնադրամի գործունեությունը բարձր գնահատողների թիվն աճել է: Դիմումների թիվը ևս աննախադեպ աճ է գրանցել․ հիմնադրամին դիմել են 529 կին ձեռներեցներ, որոնցից 421-ը՝ Հայաստանի տարբեր մարզերից, իսկ 108-ը՝ Երևանից։