Զինծառայող Պալյան Պողոսյանի կյանքը խլած հրդեհի հանգամանքները 2,5 տարի անց մնում են չբացահայտված․ զինծառայողի ծնողները պաշտոնական վարկածը համարում են «հեքիաթ է՝ ֆանտաստիկայի ժանրից» – ՓԱՍՏԻՆՖՈ

Սյունիքի մարզի մարտական դիրքերից մեկում զինվորական հանգստի համար նախատեսված վագոն-տնակում զինծառայող Պայլան Պողոսյանի կյանքը խլած հրդեհի հանգամանքները շարունակում են մնալ չպարզված, թեև ողբերգական դեպքից շուրջ 2,5 տարի է անցել։ Գործով «սայլը» որևէ կերպ տեղից չի շարժվում, քննությունը ձգձգվում է, 2,5 տարվա ընթացքում այդպես էլ որևէ անձի մեղադրանք չի ներկայացրել, իսկ Պալյան Պողոսյանի ծնողները մտահոգված են՝ գործի հնարավոր կոծկման փորձից։

Հիշեցնենք, որ զինծառայողն այրվածքներն ստացել է 2022թ. հուլիսի 17-ին, սակայն դեպքի մասին ՀՀ ՊՆ-ն հայտնել է միայն հուլիսի 25-ին, երբ զինծառայողն արդեն ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում, իսկ դրանից օրեր անց էլ հայտնի դարձավ նրա մահվան մասին։ Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Ըստ պաշտպանական գերատեսչության, Պալյանն այրվածքներ է ստացել դիրքերում, զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից:

Պալյանի ծնողները որդու մահվան մեջ մեղադրում են իշխանություններին և դիրքի հերթապահ Կարեն Քյարամյանին, որը, ըստ ծնողների, հերթապահի պարտականությունները պատշաճ չի կատարել՝ նշելով, որ Պալյանը և ևս երեք զինծառայող փակված են եղել վագոն-տնակում, մինչև հերթապահը կհասներ և կբացեր դուռը: Ավելին, պարզվում է զինծառայողին պատշաճ բուժօգնություն չէր ցուցաբերվել ի սկզբանե, այրվածքներ ստանալուց հետո նրա մարմնի կրակը հանգցրել են ջրով և հողով, այրվածքներ ստանալուց հետո հինգ ժամ զինծառայողը մնացել է դիրքում՝ մինչև լուսաբացին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի առթիվ 2022թ․ հուլիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, ռադիոակտիվ նյութի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ նյութի, սարքի կամ առարկայի հետ վարվելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ խոշոր չափերի գույքային վնաս կամ տվյալ առարկայի ոչնչացում կամ վնասում): Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել Պ․ Պողոսյանին, և ևս 3 անձի տուժող ճանաչելու մասին։ Վարույթի շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները ստացվել են, նշանակվել է նաև դատահրդեհատեխնիկական և դատանյութագիտական փորձաքննություններ։ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել։ Զինծառայողի ծնողները, սակայն, դժգոհ են գործի քննությունից, ավելին՝ չեն հավատում պաշտոնական վարկածին։ Պալյան Պողոսյանի մայրը՝ Գալյա Այվազյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ քննության ընթացքն ընդհանրապես չի գոհացնում, որևէ մեղադրյալ չկա, որևէ անձ մինչ օրս պատասխանատվություն չի կրում։

«Բոլորն իրենց կյանքը վայելում են՝ մեր որդիների չապրած կյանքի փոխարեն, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել այդ ամենը՝ մինչ օրս անհայտ է»,- պատմում է տիկին Գալյան՝ նշելով, որ հրդեհի ժամանակ տղաներին պատշաճ օգնություն չի ցուցաբերվել, բացի այդ, իր որդին գիշերը՝ ժամը 01։00-ին պոստը հանձնել է, եկել, իր հանգստի ժամն է եղել։ Պալյան Պողոսյանի մայրը չի հավատում այն վարկածին, որ «վառարանից ածուխը կամ կայծը թռել է, հրդեհը բռնկվել է», նշում է՝ դա հեքիաթ է՝ ֆանտաստիկայի ժանրից։

«Մենք հիմա մեր տանն ածուխ ենք այրում, երբևէ մեր տանը մի օր կայծ չթռավ ու հրդեհ չբռնկվեց, մեկ թիկնոցավրան է այրվել, մարդկային կյանք է խլել հրդեհը։ Չեմ հավատում, որովհետև նախ պարզաբանված չէ, թե արդյոք կայծից է բռնկվել, ինչու պատասխանատվություն չի կրում ածուխ լցնողը կամ այդ ինչ ձևի հրդեհ էր, որ մարդկային կյանք արժեցավ։ Չեմ հավատում, ոչ մեկի բերած վարկածին չեմ հավատում, բացարձակապես ոչ մեկին, սա հերթական խաղն էր, սուտ է, որ ՀՀ-ում մարդկային կյանքը բարձրագույն արժեք է»,- նշեց տիկին Գալյան՝ կասկածներ հայտնելով նաև, որ հնարավոր է՝ տեղի ունեցածը դիվերսիա է, որովհետև, երբ Կարեն Քարամյանը գնացել էր այցի՝ հիվանդանոցում, ինքը դիտավորյալ Քարամյանին հարցրել է՝ արդյոք Պալյանին տեսել է, ինչին պատասխանելով ասել էր՝ ոչ․ «Եթե ինքը Պալյանին չի տեսել, Պալյանը գիշերը ժամը 02-ին հրդեհը բռնկվել է՝ մինչև առավոտվա ժամը դրսում մերկ այդ սառնամանիքին կանգնել սպասել է։ Եթե նքը Պալյանին չի տեսել, ապա որտեղ է ինքը եղել, մեր ԶՈՒ-երում նման մարդիկ գոյություն չպետք է ունենան, որ մեր ընտանիքի ծուխը մարի այսօրվա օրով։ Իրենք կյանքն են վայելում, թրև են գալիս ՀՀ-ից դուրս՝ Եվրոպայում, մեզ էլ մեր երեխեքի հետ մահացրեցին, մեր ֆիզիկապես ողջ լինելը չի նշանակում, որ ապրում»։ Թե արդյո՞ք դեպքից հետո հակահրդեհային անավտանգության առումով ստուգումներ իրականացվում են՝ Պալյանի մայրը նշում է՝ չի կարծում, ամուսնու քրոջ որդին պատերազմի մասնակից է՝ երկու աչքից կույր, ամուսինը նրա երդմնակալության ժամանակ նկատել է, որ ոչ մի փոփոխություն չի եղել, հիմա իբրև թե վագոն-տնակները փոխվել են դեպքից հետո, բայց չի տեսել, չի կարող ասել։ Թե ինչու են գործը փորձում ծածկադմփոց անել՝ Պալյանի մայրը չգիտի, նշում է՝ դեպքից հետո՝ դեպքը դեռ չմարսած՝ ամուսնու մոտ պարանոցի շրջանում մաշկի քաղցկեղ է առաջացել, զբաղվել են այդ խնդրով, չեն կարողացել ընկնել դռնեդուռ, մի քանի ամիս առաջ էլ ինքն է ՝ տիկին Գալյան է, վիրահատվել։

«Որպես զինվորի մայր անտեսված ենք։ Միայն իմ անունից չեմ ասում, բոլորը, ում հետ շփվում եմ, անտեսված են․․․ բայց չէ՞ որ մեր երեխեքը այս հասարակությանը, հայրենիքին են պարտք տվել, բոլորս ապրում ենք մեր որդիների չապրած կյանքի գնով․․․ Կարեն Քարամյանը մեկ քերծվածք չի ունեցել․․․ զարմացած եմ մնացել, եթե տեղում է եղել, օգնություն ցույց տվել․․․ իմ տղան այնքան է քնած մնացել, որ «ուգար» (շմոլ գազի թունավորում հեղ․) է եղել, հրդեհից վեր է կացել ու ընկել հրդեհի մեջ, ինչը միայն շնչահեղձության հետևանք է։ Ուղեղիս մեջ չի տեղավորվում, եթե պատերազմ լիներ, կհամակերպվեինք, մեր երեխաներին հայրենասեր ենք դաստիարակել, առաջին տեղում հայրենիքն է եղել, ես հպարտ եմ եղել, որ զինվորի մայր եմ, նույնիսկ առիթ է եղել ՀՀ-ն լքել, երեխաները դուրս չեն եկել, ասել են՝ գնացենք, չենք լքի մեր հայրենիքը։ Հայրենիքի համար մինուճար որդուս եմ տվել ու այդքան անտարբերություն, ես չեմ ասում, ինձ ոչինչ պետք չէ, մեղավորը թող պատժվի, որ գոնե հոգուդ խորքում իմանաս, որ գոնե մեկը պատժվեր արարքի համար։ Մինչև Ազատի զինվորական կացարանի դեպքն աղաղակում էի, որ շարունակություն է ունենալու, հետևեք, ընդամենը մի քանի ամիս անց 15 ընտանիքի ծուխ մարեց»,- նշեց տիկին Գալյան՝ հավելելով, որ որևէ մեկի դեմ անձնական ոչինչ չունի, բայց ղեկավարությունը, նման բարձիթողի վիճակ է, օրենք չի գործում, որտեղ է գրված, որ պահեն ու մեծացնեն, մեկ մահվան թուղթ տան, չասեն՝ ինչից է մահը վրա հասել։

«Մեկ սովորական հայհոյանքի համար ոստիկանությունն այսօր մարդկանց բռնում տանում է, պատասխանատվության են ենթարկում։ Նույնը ամուսնուս հետ է տեղի ունեցել։ Նոյեմբերի 20-ին ամուսինս գնացել էր քրոջ որդու տարեդարձին, մեկ տարեկանն էր, ես չեմ կարողացել գնալ, որովհետև որդուս շրջապատն էր նստած, եթե գնայի, որդուս էի ման գալու, ամուսինս է գնացել, վերադառնալիս ոստիկանությունը կանգնեցրել է՝ ամուսինս շատ նեղված, ծանր հոգեվիճակում էր, հայհոյանքի պատճառով հիմա երկրից չի կարողանում դուրս գալ, գործ են հարուցել, մեղադրանք առաջադրել»,- նշեց Պալյան Պողոսյանի մայրը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment