Գարեգին Բ-ն «Աղոթքի նախաճաշի» մասնակիցների հետ քննարկել է իշխանությունների հակաեկեղեցական գործողությունները և արցախցիների խնդիրները

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնության առիթով Հայաստան ժամանած օտարերկրյա մի խումբ հյուրերի, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։

Նշվում է, որ կաթողիկոսն անդրադարձել է հայոց եկեղեցու՝ հայ ժողովրդի կյանքում կարևոր դերակատարությանը՝ նշելով, որ Սուրբ Էջմիածինը նվիրական սրբավայր է համայն հայության համար և պատմության ամենադժվար պահերին օգնել է ազգին հավատով և հույսով դիմագրավելու բոլոր մարտահրավերներին: Նա ընդգծել է, որ Հայոց եկեղեցին իբրև Մայր եկեղեցի իր պատմական առաքելությամբ և հոգածու վերաբերմունքով առանձնակի նշանակություն ունի նաև Հայաստանում ապրող ազգային ու կրոնական փոքրամասնությունների համար։

Կաթողիկոսը պատասխանել է նաև հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին եկեղեցու և իշխանության միջև ստեղծված լարվածությանը և հակաեկեղեցական գործողություններին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել արցախահայերի ծանր կացությանը և նրանց կարիքներին ուղղված եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին, ինչպես նաև Բաքվում պահվող ռազմագերիների ու պատանդառված քաղաքացիական անձանց, արցախահայերի իրավունքների պաշտպանության և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։

Նոյեմբերի 14-ին «Աղոթքի նախաճաշի» մասնակիցները կոչ էին արել Հայաստանի իշխանություններին ազատ արձակել Հայ Առաքելական եկեղեցու ձերբակալված հոգևորականներին՝ արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանին, Միքայել Աջապահյանին և եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանին։ Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո:

Նոյեմբերի 15-ին «Աղոթքի նախաճաշի» միջոցառման ժամանակ ելույթ էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով կրոնական հանդուրժողականության կարևորության մասին: Ավելի ուշ «Մեր ձևով» շարժման համակարգող և կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, հանդիպել էր «Աղոթքի նախաճաշի» մասնակիցների հետ։

Leave a Comment