Վեհափառն ընդունել է «Աղոթքի նախաճաշ»-ի մասնակիցներին

15 Նոյեմբերի, 2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնության առիթով Հայաստան ժամանած օտարերկրյա մի խումբ հյուրերի. Այս մասին տեղեկանում են Մայր Աթոռի տեղեկատվական բաժնի ֆեյսբուքյան էջից:

«Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց ներկաներին, անդրադարձավ Հայոց Եկեղեցու՝ հայ ժողովրդի կյանքում կարևոր դերակատարությանը՝ նշելով, որ Սուրբ Էջմիածինը նվիրական սրբավայր է համայն հայության համար և պատմության ամենադժվար պահերին օգնել է ազգին հավատով և հույսով դիմագրավելու բոլոր մարտահրավերներին: Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին իբրև Մայր Եկեղեցի իր պատմական առաքելությամբ և հոգածու վերաբերմունքով առանձնակի նշանակություն ունի նաև Հայաստանում ապրող ազգային ու կրոնական փոքրամասնությունների համար։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու և իշխանության միջև ստեղծված լարվածությանը և հակաեկեղեցական գործողություններին, ի մասնավորի ապօրինաբար ազատազրկված հոգևորականներին ու հայորդիներին առաջադրված անհիմն մեղադրանքներին։

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց արցախահայերի ծանր կացությանը և նրանց կարիքներին ուղղված Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին, ինչպես նաև Բաքվում պահվող ռազմագերիների ու պատանդառված քաղաքացիական անձանց, արցախահայերի իրավունքների պաշտպանության և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։

Վերջում «Պահպանիչ» աղոթքով օրհնելով ներկաներին` Նորին Սրբությունը հայցեց, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի համայն աշխարհը և պարգևի ապահով ու բարօր կյանք բոլոր ժողովուրդներին»:

Leave a Comment