Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում՝ Անկախության հրապարակում, բողոքի ցույց է անցկացվել է՝ կապված գործարար և նախագահ Վլադիմիր Զելենսկու ընկեր Տիմուր Մինդիչի աղմկահարույց կոռուպցիոն գործի հետ։ Հնչել է նաև նախագահի հրաժարականի պահանջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Ցուցարարները պաստառներով էին՝ ուղղված իշխանության շարքերում կոռուպցիայի դեմ և հակակոռուպցիոն մարմինների աշխատակիցների՝ հետապնդման դեմ։ Մասնակիցներից ոմանք էլ պահել են պաստառներ «Զելենսկին՝ հանցագործ», «Պահանջում եմ Զելենսկու հրաժարականը» գրություններով։
Ցույցի կազմակերպիչ, ակտիվիստ Մարիա Բարաբաշը հայտնել է, որ յուրաքանչյուր շաբաթ կշարունակի հավաքվել կիևցիների հետ Անկախության հրապարակում։
Ավելի վաղ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալ էր բռնկվել գործարար և Квартал 95 ընկերության համասեփականատեր Մինդիչի շուրջ: Նոյեմբերի 10-ին Զելենսկու գրասենյակից անկախ մարմինները՝ Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Հատուկ հակակոռուպցիոն դատախազությունը հայտարարել էին «Միդաս» անունով լայնածավալ օպերացիայի մասին՝ էներգետիկ հատվածում խոշոր կոռուպցիոն սխեմա բացահայտելու նպատակով։ Խուզարկություններ էին իրականացվել Մինդիչի, ինչպես նաև պաշտոնից հեռացված արդարադատության նախարար Հերման Գալուշչենկոյի մոտ և «Էներգոատոմ» ընկերությունում։ Նույն օրը քննությունը սկսել էր հրապարակել Մինդիչի բնակարանում արված խոսակցությունների ձայնագրությունների հատվածներ, որոնցում քննարկվում էին կոռուպցիոն սխեմաներ։
Գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել Մինդիչին, էներգետիկայի նախարարի նախկին խորհրդական Իգոր Միրոնյուկին, «Էներգոատոմի» անվտանգության գործադիր տնօրեն Դմիտրի Բասովին, գործարարներ Ալեքսանդր Ցուկերմանին և Իգոր Ֆուրսենկոյին, ինչպես նաև Լեսյա Ուստիմենկոյին և Լյուդմիլա Զորինային։ Վերջին երեքը աշխատել են այսպես կոչված բեք-օֆիսում, որը զբաղվել է փողերի լվացման գործողություններով։ Բացի այդ, այս գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Ուկրաինայի նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշովին, ով Զելենսկու ընկերն ու կնքահայրն է։ Մինդիչը խուզարկություններից մի քանի ժամ առաջ լքել է երկիրը։
