Վանաձորը՝ երիտասարդական, Ալավերդին՝ արդյունաբերական գոտի․ էկոնոմիկայի նախարարը փակագծեր է բացում

2024թ.-ի առաջին 10 ամիսներին Հայաստան է այցելել ավելի քան 1 մլն 900 հազար զբոսաշրջիկ։ Ցուցանիշը 2019թ.-ի համեմատ աճել է 15%-ով։ Մեր երկրի զբոսաշրջային ներուժը գնահատել է Lonely Planet խորհրդատվական հարթակը, Հայաստանին տալով 2025թ.-ի «լավագույն ճանապարհորդական ուղղություն» տիտղոսը։ Աշխարհի 10 լավագույն զարգացող ճանապարհորդական ուղղություններից մեկն էլ Հայաստանը ճանաչվել է Wanderlust Magazine-ի կողմից։ Ոլորտային ծրագրերի մասին «Ռադիոլուրին» մանրամասներ են հայտնել էկոնոմիկայի նախարարը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահը։

Դիլիջան, Դվին, Գորիս, Արենի և այլ զբոսաշրջային վայրերում՝ 100 մլն դոլարի ենթակառուցվածքային ներդրումներ․ Համաշխարհային բանկի վարկավորման ծրագրով Հայաստանում կյանքի կկոչվի տուրիզմի ոլորտին նոր շունչ հաղորդող TRIP ծրագիրը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է՝ կստեղծվեն նոր Ճանապարհներ, այգիներ, քայլուղիներ, զբոսաշրջային տաղավարներ և այլն․

«Հետաքրքիր գաղափար ունենք Վանաձորի հետ կապված։ Արդյունաբերական մեր գոտիները, որոնք նախկինում կային, մտադիր ենք որոշակի մեխանիզմներով վերածել երիտասարդական կենտրոնների՝ տուրիստական, մասնավորապես, նախկին գործարանները՝ «լոֆթ» համակարգով զբոսաշրջային հետաքրքիր միջավայրի։ Հարկային արտոնությունների միջոցով գրավիչ կլինի և՛ Հայաստանի, և՛ հարևան երկրների համար»։

Էկոնոմիկայի նախարարը մանրամասնում է՝ Վանաձորի հարևան մյուս նախկին արդյունաբերական հսկային՝ Ալավերդիին կարող է տրվել հատուկ հարկային ռեժիմ, որպեսզի ներդրողները հետաքրքրված լինեն գործարան, արտադրամասերի ստեղծմամբ։

 եր զբաղվածության ռազմավարությամբ Ալավերդին թիրախավորում ենք որպես ինդուստրիալ զոնա և գործարանի ու հանքի շրջակայքում արդյունաբերական գոտի ենք պլանավորում ստեղծել՝ նաև լուծելով զբաղվածության հետ կապված հարցերը։ Խրախուսելու ենք արդյունաբերական այն ձեռնարկություններին, որոնք հաջորդական եղանակով արդյունաբերական ցիկլը կշարունակեն, այսինքն, օրինակ, պղնձաձուլություն, դրա հետ կապված արտադրություններ»։

— Այսինքն՝ պղնձաձուլական գործարանը կարող է 2-րդ շունչ ստանա՞լ։

-Այլընտրանք մենք չունենք, պետք է աշխատի համակարգը։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ նոր ռազմավարական ծրագիրը կընդունվի 2025թ.-ին, կյանքի կկոչվի մինչև 2030 թ.-ը։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը մանրամասնում է՝ 2025-ին նախատեսում են ագրեսիվ մարքեթինգային արշավներ իրականացնել Հայաստանին «զբոսաշրջիկ մատակարարող» նոր թիրախային երկրներում։ Ուշադրության կենտրոնում կլինեն Արաբական Միացյալ Էմիրություններն ու Չինաստանը։

-Նախատեսում ենք «լոու սիզնի» ընթացքում իրականացնել արշավներ, որպեսզի ոչ միայն ամառային, գարնանային ամիսներին, այլ նաև ուշ աշնան և ձմեռային ամիսներին զբոսաշրջիկների քանակն ավելանա։

-Երևանից դուրս ո՞ր զբոսաշրջային կանգառները կլինեն ուշադրության կենտրոնում։

-Այս պահին մենք բաժանել ենք Հայաստանը 20 կլաստրների, որոնցից 7-ը մշակման փուլում են և 3-ը՝ փաստաթղթերը կլաստերների արդեն հանձնման փուլում են՝ Դիլիջանը, Եղեգիսը և Արենին։ Դա խորհրդատվական փաստաթուղթ է լինելու, համաձայն որի ստեղծվելու է մաստեր պլան, ըստ որի կամրագրվի պետության կողմից տվյալ զբոսաշրջային կենտրոնի զարգացման տեսլականը, օրինակ, թե ի՞նչ ենթակառուցվածքներ են կառուցվելու։

Լուսինե Գևորգյանը մանրամասնում է՝ Երևանից դուրս չիրացված զբոսաշրջային ներուժը բացահայտելու համար մարզերից յուրաքանչյուրում կազմակերպվում են «տուրիզմ թոքս» ձևաչափով քննարկումներ, մասնակցում են մարզային իշխանություններն ու տեղի գործարարները, ինչի հիման վրա էլ ստեղծվում են զարգացման փաստաթղթերը։

Source link

Leave a Comment