
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավոր չի համարել, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ի վիճակի չէ վճարել 150,000 դրամ պետական տուրքը։ «Դատալեքս» համակարգի համաձայն՝ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Արմենուհի Բադիրյանի նախագահությամբ, վերադարձրել է Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ «Սիվիլնեթ»-ի։ Ավինյանը հայցադիմումին կից չի վճարել 150,000 ՀՀ դրամ պետական տուրքը՝ պատճառաբանելով, թե մեծ գումար է և հայցին կից ներկայացրել է նաև պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը։
«Տվյալ պարագայում սույն հայցադիմումով վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է 150.000 ՀՀ դրամ, որը բավականին մեծ գումար է, և իմ կողմից այն հայցադիմումը ներկայացնելու պահին վճարելու պարագայում ֆինանսական առումով էական անհարմարություններ կպատճառի ինձ և իմ ընտանիքին, և այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով՝ ես փաստացի զրկված կլինեմ իմ ֆինանսական միջոցները իմ հայեցողությամբ տնօրինելու իրավունքից»,- նշված է Ավինյանի միջնորդության մեջ, որը դատարանը հիմնավոր չի համարել՝ արձանագրելով, որ Ավինյանը պարտավոր է ներկայացնել նվազագույն ապացույցներ, որոնք կփաստեն այդ հնարավորության բացակայության հանգամանքը։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայցադիմում է ներկայացրել ՝ ընդդեմ «ՍիվիլՆեթ» լրատվամիջոցի՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել, հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև՝ փոխհատուցում վճարել՝ 3 մլն ՀՀ դրամի չափով։ Ավինյանը հայցը ներկայացրել է լրատվամիջոցի՝ նոյեմբերի 13-ին հետաքննության առնչությամբ, համաձայն որի՝ 2018-ի հեղափոխությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից Տիգրան Ավինյանին հասցրել է քաղաքական իշխանության բարձունքի։ Ավինյանը, որն այդ ժամանակ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ էր, դարձել է ՀՀ փոխվարչապետ։ Նրա քաղաքական կարիերայի աճն ուղեկցվել է ընտանիքի հետ կապված բիզնեսի բարգավաճմամբ, այդ թվում՝ պետական ծրագրերից անուղղակի օգուտներ ստանալու միջոցով։ ՍիվիլՆեթը և OCCRP-ն (Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագիծ) համատեղ հետաքննությամբ պարզել են, որ այդ ծրագրերը Ավինյանի համակարգման տիրույթում են եղել և դրանց վերաբերյալ քննարկումները համակարգել է հենց փոխվարչապետ Ավինյանը:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան