Բացի խախտումներից, արձանագրվել են նաև խախտումների մասին կեղծ ահազանգեր․ «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացրել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման արդյունքները։

«Անկախ դիտորդ» դաշինքի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

««Անկախ դիտորդ» դաշինքը 4 երկարաժամկետ դիտորդների միջոցով իրականացրել է Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների քարոզչության փուլի մշտադիտարկում։

Այս ընթացքում դիտորդները.

-իրականացրել են հարցազրույցներ առաջադրված կուսակցությունների (և դաշինքների) թվով 28 թեկնածուների, ինչպես նաև առաջադրված կուսակցություններից 7-ի շտաբների ղեկավարների հետ («Ժառանգություն» կուսակցությունը հրաժարվել է),
դիտարկել են 36 հավաք ու ընտրողների հետ հանդիպում,
իրականացրել են հարցազրույցներ այդ հավաքների 38 մասնակիցների հետ,
-արձանագրել է 53 խախտում, որոնցից 45-ը եղել է քարոզչական պաստառների հետ կապված։

Մասնակից քաղաքական ուժերից ստացված տեղեկությունները հաստատելու համար ուղարկվել են գրությունները, որոնք վերաբերել են․
➤խոշորացված համայնքներում նոր հաստիքների վերաբերյալ մրցույթների անցկացմանը և դրանց նպատակահարմարությանը,
➤համայնքում հանդիպումների անցկացման նպատակով դահլիճների տրամադրմանը,
➤նախընտրական քարոզչության ժամանակահատվածում համայնքապետարանների և մարզպետարանի աշխատակիցների արձակուրդի մեջ գտնվելուն:

«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ կազմակերպությունների կողմից արձանագրած խախտումների առնչությամբ ներկայացվել են հանցագործության մասին հաղորդումներ և դիմումներ․


➤հանցագործության մասին հաղորդում՝ Դողս գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից բարեգործության արգելքի ենթադրյալ խախտման վերաբերյալ,
➤հաղորդում՝ Գեղակերտ գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամի կողմից բարեգործության արգելքի ենթադրյալ խախտման վերաբերյալ։

Հաշվի առնելով, որ անձը նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ էր, Անկախ դիտորդը նաև դիմել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջարկելով դադարեցնել անձի լիազորությունները։


Բացի այդ ներկայացվել են․

➤հանցագործության մասին հաղորդում՝ Էջմիածին քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական պաստառները առերևույթ համայնքային ավտոտեխնիկայով բարեկարգման ծառայության աշխատակիցների կողմից փակցնելու վերաբերյալ՝ որպես պաշտոնական լիազորությունների չարաշահում, ինչպես նաև դիմում՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ վարչական ռեսուրսի չարաշահման առթիվ վարույթ հարուցելու պահանջով,
➤դիմում՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից քարոզչության արգելքի առերևույթ խախտման վերաբերյալ,
➤հանցագործության մասին հաղորդում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու հանդիսացող Խոյ համայնքի ղեկավարի կողմից՝ կուսակցության համար քարոզարշավի ընթացքում առավելություն ստանալու նպատակով կարգի խախտմամբ ի պաշտոնե որոշումներ ընդունելու համար,
➤դիմում՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ սոցիալական ցանցերում թեկնածուների և նրանց հետ ասոցացվող էջերի կողմից գովազդային ծախսերի հայտարարագրման վերաբերյալ,
➤երեք դիմում՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ չեզոքության սկզբունքը խախտելու հիմքով դիտորդական առաքելությունների և առանձին դիտորդների գրանցումը չեղարկելու հարցով։

Դիտարկման ընթացքում Անկախ դիտորդը հանդես է եկել հրապարակումներով, որոնցում ներկայացրել է արձանագրված խախտումներն ու մտահոգությունները, որոնք ուղարկվել են նաև ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Ամփոփելով երկարաժամկետ դիտարկումը՝ Անկախ դիտորդ դաշինքը արձանագրում է․

Վաղարշապատ համայնքում նախընտրական քարոզչության ընթացքում ամենից հաճախ արձանագրված խնդիրը չսահմանված վայրերում փակցված քարոզչական պաստառներն են և քարոզչական պաստառների վնասումը։

Ընդ որում չսահմանված վայրերում քարոզչական պաստառներ փակցնելու խնդիրը կարելի է վերագրել և՛ սահմանված վայրերի սակավությանը, և՛ մրցակցող ուժերի կողմից օրենսդրության պահանջների անտեսմանը և դիտավորյալ խախտմանը։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղեկացրել է, որ զերծ է մնացել Վաղարշապատ և Խոյ համայնքների ղեկավարներին չսահմանված վայրերում փակցված պաստառների վերացման վերաբերյալ համայնքի ղեկավարին դիմում ներկայացնելուց և տեղեկացրել համապատասխան կուսակցություններին։

Հարկ է նշել, որ դիտորդների հետ զրույցներում գրեթե բոլոր ուժերը, բացառությամբ Քաղաքացիական պայմանագրի, նշել են, որ իրենք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից չեն ստացել գրություն չսահմանված վայրերից պաստառները հանելու վերաբերյալ։


Իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» նման պահանջով գրություն ստացել է միայն քարոզչության առաջին օրը։

Միաժամանակ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս մասին ընդհանուր հրապարակում է կատարել:

Մտահոգիչ է հատկապես այն, որ չսահմանված վայրերում քարոզչական պաստառների փակցման կամ քարոզչական պաստառների վնասման զանցանքներում հաճախ ներգրավված են եղել անչափահասներ, իսկ մեկ դեպքում Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամներ։

Ընդհանուր առմամբ պաստառների փակցման և պաստառների վնասման հետ կապված խախտումները կրել են համատարած և համակարգային բնույթ։

Առաքելությունն այդպես էլ չի տեսել համայնքապետարանների կողմից հատկացված պատշաճ կահավորված վահանակներ․ վահանակներն առհասարակ բացակայել են կամ ակներև փոքր էին և չէին կարող ապահովել բոլոր 8 ուժերի քարոզչության համար հավասար հնարավորությունները, կամ չէին տարբերակվում որևէ ձևով, ինչն իր հերթին միայն խրախուսում էր չնախատեսված վայրերում պաստառների փակցման գործելաոճը։

Փոխարենն արձանագրվել է կարգավորումների շրջանցմամբ գովազդային վահանակների տեղադրման թույլտվությունների տրամադրում Խոյ համայնքի ղեկավարի կողմից, որոնք օգտագործվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գովազդի համար։

Արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշաման առերևույթ դեպքեր, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հավաքին մասնակցող բնակիչները բարձրաձայնել են իրենց խնդիրները, և Վաղարշապատի համայնքապետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հանձնարարել է համայնքապետարանի համապատասխան բաժնի աշխատակցին՝ լուծել բարձրացված խնդիրը կամ փոխանցել է տվյալները մարզպետարան։

Այս լուծումներից են եղել հապճեպ ասֆալտապատման և տանիքների վերանորոգման մի շարք արձանագրված դեպքեր։

Սա առերևույթ վարչական ռեսուրսի չարաշահման ևս մի օրինակ է, որը նաև իր բնույթով ծառայությունների տրամադրում կամ խոստում է թեկնածու հանդիսացող անձի կողմից և կարող է ընկալվել որպես ընտրակաշառք կամ ընտրակաշառքի միջնորդություն:

Հարկ է նկատել, որ նշվածը որևէ կերպ չի կարող համարվել նախընտրական խոստում, քանի որ իրականացվել է ընտրություններից առաջ (նախընտրական խոստումը ենթադրում է, որ այն իրականացվում է ուժի ընտրվելու դեպքում) և չի հանդիսանում ինստիտուցիոնալ գործունեություն, քանի որ նշված աշխատանքները չեն եղել նախապես պլանավորված։

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից համայնքապատկան դահլիճը նախընտրական քարոզչության նպատակով օգտագործելու համար ներկայացված դիմումների ուսումնասիրությամբ պարզվել է, որ վարչարարություն իրականացնող մարմնի՝ համայնքապետարանի կողմից առերևույթ կատարվել է Վարչարարություն հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 5-րդ հոդվածի՝ ձևական պահանջները չարաշահելու արգելքի խախտում։

Այն է վարչարարության հիմնական սկզբունքների խախտմամբ կատարված քարոզչություն իրականացնելու խոչընդոտ, ինչի արդյունքում Էջմիածին համայնքում գտնվող դահլիճը տրամադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցություններին։

Այս առումով խնդրահարույց է հատկապես «Մայր Հայաստան» կուսակցության դիմումների մերժումը։

Ողջունելի է, որ «Մայր Հայաստան» կուսակցության դիմումի քննության արդյունքում Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համայնքապետարանին պարտավորեցրել է ապահովել դահլիճի հասանելիությունը։

Ահազանգեր, որոնց վերաբերյալ տեղեկությունները հնարավոր չի եղել հաստատել այլ աղբյուրներից․

Ընտակաշառքի մասին հայտնել էին միաժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» և «Համահայկական ճակատ» կուսակցությունները և «Հաղթանակ» դաշինքը։

Այս տեղեկությունները վերաբերել են «Մայր Հայաստան» և «Հայրենիք» կուսակցություններին, ինչպես նաև «Հաղթանակ» դաշինքին։

Անգամ նշվում էին առանձին բնակավայրեր և Էջմիածին քաղաքի թաղամասեր, սակայն մեզ չի հաջողվել այլընտրանքային կամ անկախ աղբյուրներից հաստատել այդ տեղեկատվությունը։

Հարկավոր է արձանագրել, որ ընտրակաշառքի վերաբերյալ խոսույթի առկայությունն ինքնին բացասաբար է անդրադառնում ընտրական գործընթացների վստահելիության վրա։

Քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատման վերաբերյալ երկու ահազանգ է ստացվել, սակայն, տվյալ անձանց հետ կապի դուրս գալու Անկախ դիտորդ դաշինքի փորձերը չեն հաջողել, կանխվել են դեպքի մասին ահազանգող «Մայր Հայաստան» կուսակցության և «Հաղթանակ» դաշինքի կողմից։

Մամուլում հրապարակված մեկ դեպքի՝ Հայթաղ գյուղի դպրոցի փոխտնօրենի վերաբերյալ Դաշինքը պարզել է, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։

Չնայած «Մայր Հայաստան» կուսակցության կողմից տարածված տեղեկությանը Ազգային անվտանգության ծառայության կողմից իրենց ընտրական ցուցակի առաջին երկու թեկնածուների նկատմամբ շինծու քրեական հետապնդում նախաձեռնելու մասին՝ Անկախ դիտորդը չի հայտնաբերել որևէ տեղեկություն նման քրեական հետապնդման մասին:

Անկախ դիտորդը նաև չի կարողացել որևէ ապացույց ձեռք բերել Ոսկեհատ համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի քարոզչությունը խոչընդոտելու մասին։

Միաժամանակ դիտարկման ընթացքում բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ թեկնածուները, նրանց աջակցող ուժերը և քաղաքացիները վեճի են բռնվել և իրավապահ մարմինների վերաբերմունքը նույնական չի եղել։

Այս առումով Անկախ դիտորդը մտահոգիչ է համարում Ոսկեհատ գյուղում ենթադրյալ խոչընդոտման դեպքով անձանց կալանավորումը՝ առանց հանրությանը պատշաճ հիմքեր ցույց տալու։

Նախընտրական քարոզչության դիտարկման ընթացքում Անկախ դիտորդը նաև արձանագրել է քարոզչության, այդ թվում հակաքարոզչության իրականացում քարոզչություն իրականացնելու իրավունք չունեցող անձանց և սուբյեկտների կողմից, այդ թվում դիտորդական առաքելություն իրականացնողների, կրոնական կազմակերպությունների, ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց կողմից՝ հատկապես սոցիալական ցանցերի միջոցով։

Նախընտրական քարոզչության փուլում մտահոգիչ են նաև քաղաքական ֆինանսավորման թափանցիկության ապահովման հետ կապված խնդիրները։

Մասնավորապես՝ սոցիալական ցանցերում բազմաթիվ են տարբեր քաղաքական ուժերին աջակցող վճարովի գովազդները, որոնցում նշված չէ, թե ում կողմից է վճարված գովազդը և համապատասխանաբար հայտնի չէ, թե արդյոք այդ ծախսը ներառված է նախընտրական հիմնադրամում։

Հաշվի առնելով քարոզչության նպատակով սոցիալական ցանցերի լայն կիրառումը՝ խիստ հրատապ է ոչ միայն համացանցով տարածվող քաղաքական գովազդների վերահսկողության արդյունավետ գործիքների որդեգրումը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, այլ նաև քաղաքական ֆինանսավորման նկատմամբ պատշաճ ու ամբողջական վերահսկողությունը ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ վերստուգիչ ծառայության կողմից։

Անկախ դիտորդը մտահոգիչ է համարում որոշ դիտորդական առաքելությունների կողմից որևէ կուսակցության կամ ուժի մասին հնչեցված մեկնաբանություններում կողմնակալության դրսևորումները։

Այս տեսանկյունից հատկապես խնդրահարույց ենք համարում «ՀայաՔվե» դիտորդական առաքելության, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» հիմնադրամի որոշ հայտարարություններ։

Անկախ դիտորդն առհասարակ անընդունելի է համարում քաղաքական գործունեության և դիտորդական առաքելության համադրումը, որի արդյունքում խեղաթյուրվում է դիտորդական առաքելությունների անաչառության վերաբերյալ հանրային ընկալումը։

Նոյեմբերի 16-ին Անկախ դիտորդը կիրականացնի նաև քվեարկության օրվա դիտարկում»։

Leave a Comment