Նիկոլ Փաշինյանը չի որոշում, թե որ քաղաքական ուժերը պետք է լինեն խորհրդարանում: Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Կան ժողովուրդ, ընտրողներ, ում Նիկոլ Փաշինյանը ժամանակին կոչում էր 3 միլիոն վարչապետ, և ընտրությունները մեխանիզմներից մեկն են, որով ձևավորվում է կառավարությունը, այսինքն վերջիվերջո լեգիտիմացվում է ընտրություններով։ Ինչի ասեցի մեխանիզմներից մեկը, որովհետև 18 թվականի մայիսի օրինակը մեր աչքի առաջ է»,- ասաց նա։
Խաչատրյանի խոսքը լրացրեց նույն խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ նշելով, որ նրա խոսքը նորմալ ժողովրդավարական, սահմանադրական երկրի մասին է, երբ ընտրական քվեով է որոշվում որևէ քաղաքական ուժի ճակատագիրը։
«Ցավոք սրտի, այո, մեկ անգամ ևս հաստատենք, որ Հայաստանում խորացող տոտալիտար ռեժիմ է, չենք բացառում որևէ բան, որովհետև այն ձեռագիրը, էն վարքագիծը, որը որդեգրել է այս իշխանությունները ո՛չ զսպանակներ, ո՛չ սահմանադրական կարգ, ո՛չ օրենք, ոչինչ չի ճանաչում։ Լռեցնել, ուրանալ և ուղղակի վախի մթնոլորտում փորձել հաջողել։ Ուրիշ ռեսուրս, քան բռնությունը, ուրացումը, բռնաճնշումները, ճաղավանդակները, ինչու չէ մարդկանց կյանքին սպառնալիքները, այս քաղաքական ուժը ուրիշ ռեսուրս չունի, որովհետև իրենց ամբողջ փիլիսոփայությունը տեղավորվում է սեփական պարտությունը, խեղճությունը, քաղաքական սնանկությունը արդարացնել՝ ժողովրդին ներշնչելով, թե այլընտրանք չկա, մենք պիտի այսպես դատապարտված, հուսահատված հասարակություն լինենք։ Ասեմ, որ չի՛ հաջողվելու, որովհետև հայ մարդը վաղուց արթնացել է, վաղուց հասկացել է, որ այս քաղաքական ճանապարհը նոր կորուստների և պետականության գլխին կախված մեծ հարցականի ճանապարհն է»,- ասաց Գալստյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։