CNN Türk. Խորվաթիայում թուրքական հրշեջ ինքնաթիռ է կործանվել

Խորվաթիայում վթարի է ենթարկվել Թուրքիայի գյուղատնտեսության նախարարությանը պատկանող հրշեջ ինքնաթիռ, որի հետևանքով զոհվել է օդաչուն։ Այս մասին հայտնել է CNN Türk-ը։

Հեռուստաընկերության տվյալներով՝ Խորվաթիայի իշխանությունները հաստատել են վթարի և օդաչուի մահվան փաստը։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ միջադեպը հաստատել է նաև Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին։ «Մեր անտառտնտեսության գլխավոր վարչությանը պատկանող հրշեջ ինքնաթիռի մնացորդները, որի հետ ռադիոկապը կորել էր Խորվաթիայում, հայտնաբերվել են Սենջ քաղաքի մոտակայքում։ Օդաչուն զոհվել է», – գրել է նա X-ում։

Ավելի վաղ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությունը հայտնել էր Խորվաթիայում հրշեջ ինքնաթիռի հետ կապը կորցնելու մասին։ «Նոյեմբերի 12-ին Անտառտնտեսության նախարարության գլխավոր վարչության երկու AT802 ինքնաթիռներ մեկնեցին Չանաքկալեից [Թուրքիա]՝ Զագրեբում պլանային սպասարկման համար։ Վատ եղանակային պայմանների պատճառով դրանք գիշերել են Խորվաթիայի Ռիեկա օդանավակայանում։ Նոյեմբերի 13-ին, Թուրքիայի ժամանակով ժամը 17:38-ին երկու ինքնաթիռներն էլ մեկնել են Զագրեբ, սակայն վատ եղանակի պատճառով ուղղությունը փոխվել է դեպի Ռիեկա օդանավակայան։ Մեկ ինքնաթիռ անվտանգ վայրէջք է կատարել, սակայն ժամը 18:25-ին մյուս ինքնաթիռի հետ կապը կորել է։ Խորվաթական ծառայությունները սկսեցլ են որոնողական-փրկարարական գործողություններ», – ասվում է թուրքական նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

CNN Türk-ը հաղորդել է, որ Թուրքիան կապի մեջ է Խորվաթիայի իշխանությունների հետ միջադեպի վերաբերյալ։

Leave a Comment