Պետրոս Մակեյանը գրում է․ «Նիկոլը շարունակում է բացահայտել վնգստացող դատավորներին
Օգոստոսի 27-ին հրապարակել էի վարչապետի ընտանիքին պատկանող բիզնեսի կոռուպցիոն դրսևորումների ու փողերի լվացման բացահայտման ժամանակագրությունը՝ խոստանալով նոր զարգացումների մասին հանրությանն իրազեկել։
Արդեն հրապարակել եմ, որ 2021 թ. նոյեմբեր 1-ին դիմել եմ քաղաքացիական դատարան՝ որպեսզի չեղարկվեր 2014 թ. հունվարի 20-ի օրենքների խախտումով անցկացված «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի (հանրությանը հայտնի է՝ «Հայկական ժամանակ» օրաթերթ անունով) ապօրինի արտահերթ ժողովի որոշումը և պարտադրվեր վճարել 2016-2020 թթ.-ի ընկերությունում իմ շահաբաժինը՝ 3,351,357 ՀՀ դրամ։
2025 թ. օգոստոսի 12-ին դատարանում դատավոր Ա. Հովհաննիսյանի նախագահությամբ վերսկսվեց քննությունը, տեղի ունեցավ մեկ նիստ և որոշումը հրապարակվեց հոկտեմբերի 10-ին, որով վարույթը կարճվեց՝ իբր օրենքով պահանջված ժամկետները խախտված են։ Միաժամանակ պետք է փոխհատուցեմ Նիկոլի ընտանիքի դատական ծախսերը։ Իրականում ժամկետի որևէ խախտում չի եղել. 2021 թ. սեպտեմբերի 27-ին տեղեկացել եմ կեղծիքների մասին, 2021 թ. նոյեմբերի 1-ին դիմել եմ դատարան, սակայն դատարանն ինչ-ինչ «հիմնավորումներով» վարույթ չի ընդունել, որը օրենքով սահմանված կարգով բողոքարկվել է վերադաս դատական ատյաններում, որից հետո 2022 թ. մարտի 23-ին ներկայացվել է նոր հայցադիմում, որն ընդունվել է վարույթ։
2025 թ. հոկտեմբերի 7-ին դատավոր կոչեցյալն ընդունել է Նիկոլի ընտանիքի շահերը ներկայացնող Միքայել Մինասյանի եղբոր փաստաբանական խմբի պահանջն այն մասին, որ մարտի 23-ի հայցադիմումն այլ է և վարույթը պետք է կարճվի, ինչը բավարարվել է և դատարանը չի քննարկել ապօրինաբար ինձ չվճարված 3,351,357 ՀՀ դրամ շահաբաժնի վճարման հարցը։
Հ.գ. Նիկոլի ընտանիքն անցած տասնամյակում, մինչև իշխանության գալը, յուրացրեց իմ շահաբաժինը՝ 22 միլիոն ՀՀ դրամ։ Ներկայումս էլ օգտվելով վարչապետի կարգավիճակից, ցինիկաբար հրաժարվում է վճարել իր իշխանության տարիների իմ 3,351,357 ՀՀ դրամ շահաբաժինը, իսկ 2020 թ.-ից ոտնահարելով օրենքները, տարատեսակ խաբեություններով ու կեղծ հնարքներով «Հայկական ժամանակ»-ի բիզնեսը վնասով են ցույց տալիս, այն դեպքում, երբ 2001 թ. սկսած միշտ աշխատել է շահույթով։
Եվ այս ընտանիքը պետություն է «կառավարում»։
Հ․ գ․ Վնգստացող դատավորի որոշումը բողոքարկված է Վերաքննիչ դատարան, արդյունքների մասին կիրազեկվի»։