Ես ՀԷՑ-ը տվող կամ վերցնող չեմ, թարգե՛ք էս սադրանքները․ Ռոմանոս Պետրոսյանը վիճեց լրագրողների հետ

Այսօր բանավեճ տեղի ունեցավ ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանի և լրագրողների միջև՝ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու մասին քննարկումներից հետո, երբ Պետրոսյանը ճեպազրույց էր տալիս։ Ռոմանոս Պետրոսյանը, որը նշանակվել է ՀԷՑ-ի տնօրեն, լրագրողներին սադրիչ որակեց։

«Ես ՀԷՑ-ը տվող կամ վերցնող չեմ, թարգե՛ք էս սադրանքները»,-ասաց նա, երբ լրագրողը հարցրեց, թե արդյոք պատրաստվում են Ադրբեջանին և Թուրքիային տալ մեզ համար կարևոր օբյեկտը։

«Ստանձնելով ժամանակավոր կառավարչի լիազորությունները՝ ինձ վերապահված լիազորությունների շրջանակում իրականացրել եմ մի շարք վերահսկողական, ստուգողական գործառույթներ։ Գործողություններ իրականացնելուց մի քանի շաբաթ անց պարզ դարձավ, որ երկար տարիներ ՀԷՑ-ում տիրող իրավիճակը թաքցրել են և՛ ՀԾԿՀ-ից, և՛ իրավասու վերահսկողական լիազորություններով օժտված պետական այլ մարմիններից, որն էլ հանգեցրել է ճգնաժամի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակին։

Ըստ նրա՝ ՀԾԿՀ նախագահը ստիպված էր ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթ հարուցել։

«Օրեր առաջ կանխատեսում արեցի, որ ենթադրաբար ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից։ Դա պարզապես ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակում իրականացված  բացահայտումների, ստուգումների արդյունքն էր, որին ես տիրապետում եմ և իրավասու եմ այդպիսի ենթադրություններ անել»,- ասաց Պետրոսյանը։

Լրագրողների հարցին, թե արդյոք ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու մասին իր հայտարարություններն ուղղորդում չէին, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց՝ այդտեղ ուղղորդում չկա։

«Ես հանձնաժողովի նախագահի նշանակմամբ պաշտոնյա եմ, չեմ կարող ինձ նշանակողին ուղղորդել»,-ասաց նա։

Ռոմանոս Պետրոսյանը պնդեց, որ այն, ինչ տեղի է ունենում ՀԷՑ-ում, օրենքի շրջանակում է։ Ըստ նրա՝ օրենքի շրջանակում է աշխատանքից ազատվել Լիպարիտ Դրմեյանը, որն արձագանքելով միջազգային արբիտրաժային դատարանի որոշմանը՝ հայտարարել էր, որ դա կատարման ենթակա է։

 

Leave a Comment