ՀՀ-ն 10-ը թեմ ունի, ի՞նչ եք կարծում՝ քանի՞ թեմի առաջնորդ է հիմա բանտում, 3, ու ասում եք, որ սա Եկեղեցու դեմ արշավ չէ, Վեհափառի դեմ արշավ չէ, պատահականություն է․ այսօր ԱԺ-ում, դիմելով նիստին ներկա Նիկոլ Փաշինյանին, ասաց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Հենց Ադրբեջանի հոգևոր առաջնորդը մեր Եկեղեցու մասին խոսեց նույն Փաշինյանի հայտարարություններով, հենց ՀՀ-ում սկսվեց Եկեղեցու դեմ արշավը, սրբազանները միանգամից հանցագործ դարձան»,- հեգնանքով ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ քաղբանտարկյալների թիվն օրեցօր ավելանում է։
«Այսօր առավոտյան դուք նորից ձերբակալել եք երկու բլոգերի։ Ես խորը կասկածներ ունեմ, Նիկոլ Փաշինյան, որ այսօր առավոտյան ձերբակալված այդ երկու բլոգերները Ձեզնից ավելի վատ բառապաշար են օգտագործել։ Ու չգիտեմ ինչու՝ մենք չենք տեսնում, որ ԱԱԾ-ն գա Ձեզ այդպես կռացած տանի, բայց ընդդիմադիրներին՝ խնդրեմ»,- ասաց Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով Փաշինյանին։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ձերբակալվել են «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը։ Նրանց դեմ հաղորդում էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։