Անհայտ «վարկանիշային աղյուսակ» և աղավաղված մեջբերումներ. Սաֆարյանի գրառման շուրջ. Սիվիլնեթ

13 Նոյեմբերի, 2025

«Սիվիլնեթ»-ը գրում է. Ֆեյսբուքյան մի շարք էջեր նոյեմբերի 10-ին տարածել են հրապարակում, որում նշվում է, թե Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է, որ «Քոչարյանի ժամանակ Հայաստանը այնքան էր զարգացել, որ դրանից հետո դպրոցներ էին փակվում»։

Հրապարկումների սկզնաղբյուրը Medianews[.]site կայքի հոդվածն է։ Դրա ֆեյսբուքյան էջում հայտնվելուց ընդամենը րոպեներ անց նյութը վերահրպարակել են Medianews-ի հետ փոխկապակցված, մեծ թվով հետևորդներ ունեցող ArmeniaNews և «Ա Ր Մ Ե Ն Ի Ա» էջերը։

Medianews[.]site-ի հոդվածում հրապարակված է Ստյոպա Սաֆարյանի նոյեմբերի 10-ի ֆեյսբուքյան գրառումը, սակայն դրանում Ստյոպա Սաֆարյանը նման հայտարարություն չի արել։

Ստյոպա Սաֆարյանի գրառման հետքերով

Ստյոպա Սաֆարյանը գրառման մեջ, որը հաջորդել է երկրորդ նախագահի տված հարցազրույցին, գրել է, թե Քոչարյանի տասնամյա նախագահության շրջանում «Հայաստանն այնքան էր զարգացել», որ իրենից հետո իշխանության եկած Սերժ Սարգսյանն «արդեն քննարկում էր սահմանամերձ գյուղերը փակելու հարցը»։

Անհայտ վարկանիշային աղյուսակը

Սաֆարյանն իր գրառման մեջ նաև ուշագրավ պնդում է արել։

«…Բանակն էլ այնքան էր հզորացվել, որ 2016 թ. բանակների համաշխարհային վարկանշային աղյուսակում Ադրբեջանի բանակը առաջին քառասուն բանակների մեջ էր, Հայաստանինը՝ 160-րդից մի քանի հորիզոնական ներքև»,- պնդել է Սաֆարյանը։

#CivilNetCheck-ը Ստյոպա Սաֆարյանին խնդրեց պարզաբանել, թե բանակների համաշխարհային ո՞ր վարկանիշային աղյուսակին է հղում արել։ Նա ասաց, որ չի հիշում։ Վստահեցրեց, որ տվյալները ճիշտ են և առաջարկեց, որ մենք գտնենք։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմն ուսումնասիրեց զինված ուժերին վերաբերող բոլոր հանրահայտ միջազգային վարկանիշները։

Ամենահանրաճանաչ աղբյուրը, որը գնահատում է երկրների ռազմական հզորությունը՝ ըստ վարկանիշային հորիզոնականների, Global Firepower Index-ն է: 2016-ի տվյալներով Հայաստանը 126 երկրների մեջ զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը՝ 60-րդը:

Ի դեպ, 2025-ի ամենաթարմ տվյալներով՝ Հայաստանը 145 երկրի ցանկում 90-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 60-րդը։

Կա նաև Բոննի hակամարտությունների ուսումնասիրության միջազգային կենտրոնի (BICC) Global Militarisation Index-ը, որը սակայն մասնագիտանում է երկրների ռազմականացման մակարդակը գնահատելու և ոչ թե զինված ուժերի իրական հզորությունը չափելու վրա։

Դիտարկել ենք նաև The Military Balance և SIPRI Yearbook զեկույցները, որոնք ևս մասնագիտացած են ռազմական թեմաներով, սակայն դրանք վարկանիշային աղյուսակներ չեն կազմում։ Այս զեկույցներում ներկայացվում են երկրների ռազմական ծախսերը, սպառազինությունը և բանակների կառուցվածքը, սակայն դրանք չեն համեմատվում ըստ զինված ուժերի հզորության։

Ի վերջո, #CivilNetCheck-ին չհաջողվեց գտնել 2016-ին բանակների համաշխարհային որևէ վարկանշային աղյուսակ, որտեղ Հայաստանը 160-րդ հորիզոնականից ներքև է, իսկ Ադրբեջանը՝ առաջին քառասունում էր։

Այսպիսով, ֆեյսբուքյան էջերը Ստյոպա Սաֆարյանին վերագրել են խոսքեր, որոնք նա չի ասել։ Սակայն Սաֆարյանը իր գրառման մեջ նշել է նաև Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի վերաբերյալ տվյալներ, որոնք որևէ աղբյուրով չեն հաստատվում։

 

Leave a Comment