ԱԺ նախագահը հայց է ներկայացրել բլոգեր Վազգեն Սաղաթելյանի դեմ և պահանջում է 2,5 մլն դրամ փոխհատուցում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար, համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի, հայտնում է «Դատալեքս» դատական տեղեկատվական պորտալը։

Սիմոնյանը պահանջում է 2 մլն դրամ փոխհատուցում վիրավորանքների համար և 530 հազար դրամ՝ դատական ծախսերի, այդ թվում՝ 480 հազար դրամ փաստաբանի հոնորար և 50 հազար դրամ պետական տուրք, ընդհանուր՝ 2,5 մլն դրամ։ Բացի այդ, խոսնակը հրապարակային ներողություն է պահանջում. Սաղաթելյանը պետք է ներողություն խնդրող հայտարարությունը հրապարակի Facebook-ում կամ առնվազն 5 հազար տպաքանակով տպագիր պարբերականում:

Ավելի վաղ փաստաբաններ Ռուբեն Մելիքյանն ու Արսեն Բաբայանը հայտնել էին Սաղաթելյանի և փոդքասթի մյուս համահեղինակ Նարեկ Սամսոնյանի բնակարաններում խուզարկությունների, ապա նրանց ձերբակալելու մասին: ԱԺ նախագահը հաստատել է, որ Սաղաթելյանի ու Սամսոնյանի դեմ ինքն է հաղորդում ներկայացրել։ Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ գործողություններն իրականացվում են հարուցված քրեական գործի շրջանակներում, մանրամասներ չեն բացահայտվում:

Leave a Comment