Քրդերը ձգտում են Մեծ Քուրդիստանի․ խնդիրը՝ տարածաշրջանային խաղաղության ու լարվածության խաչմերուկում

Սիրիայում քրդական հարցը վերջին տարիներին դարձել է տարածաշրջանային և միջազգային քաղաքականության առանցքային բաղադրիչներից մեկը՝ Թուրքիայի աջակցությամբ թուրքամետ ուժերի կողմից Ասադի իշխանության տապալումից հետո, հարցն առավել է սրվել։

Սիրիայում քրդական խնդիրը շարունակում է մնալ տարածաշրջանային խաղաղության գլխավոր խոչընդոտներից մեկը։ Թուրքամետ ուժերի կողմից Ասադի իշխանության տապալումից հետո հարցն առավել է սրվել։  Այն պահանջում է բազմակողմանի լուծումներ, որոնք հաշվի կառնեն և Սիրիայի տարածքային ամբողջականությունը, և քրդական համայնքի իրավունքների պաշտպանությունը։

Քրդերը Սիրիայի ամենամեծ էթնիկ փոքրամասնությունն են․ կազմում են բնակչության շուրջ 10%-ը։ Հիմնականում ապրում են երկրի հյուսիսում և հյուսիս-արևելքում։ Քրդական միավորումները՝ Սիրիայի Դեմոկրատական Ուժերի (SDF)–ի գլխավորությամբ, կարևոր դերակատարում ունեցան «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում։ Սակայն նրանց պահանջները ինքնավարության և իրավահավասարության համար հաճախ բախվում են թուրքական, սիրիական և միջազգային խաղացողների շահերին։

Սիրիայի կառավարությունն ու քրդական ուժերը պարբերաբար բանակցում են, բայց ինքնավարության հարցը մնում է չհանգուցալուծվող։ Այդ հավանական ինքնավարությունը թույլ չտալու առաջնային խնդիր ունի Թուրքիան՝ նկատում է Բեյրութում հրատարակվող «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը.

«Թուրքիան նախ քրդական հարցը լուծելու խնդիր ունի։ Ես կարծում եմ, որ իր առաջնահերթությունը Սիրիայի հյուսիսում գտնվող ներկայիս դե ֆակտո քրդական ինքնավար շրջանի հետ հարցը լուծելն է»։

Թուրքիան չի թաքցնում իր նկրտումները Սիրիայում՝ ընդհուպ խոսելով այն մասին, թե թուրք-սիրիական հարաբերությունները ցանկանում է «հասցնել» Օսմանյան կայսրության ժամանակների հարաբերություններին։ Այս համատեքստում նաև պնդում է, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի ներգրավվածությունը սպառնալիք է իր ազգային անվտանգությանը։

«Քրդական ինքնավար մասը, եթե պաշտոնականանա, ինչպես  Իրաքի հյուսիսի դեպքում ՝ Սիրիայի հյուսիսում էլ նման բան  իրականանա, Թուրքիայի մասնատումն այլևս ժամանակի հարցի կվերածվի։ Այսինքն, քրդերն այնտեղ (Թուրքիայի հարավում) ունեն բնակչություն, գետնի վրա ապրող ժողովուրդ և կարող են ձգտել Մեծ Քրդստանի ծրագրին։ Այնտեղ Թուրքիան խնդիր ունի»։  

Սիրիահայ վերլուծաբան Հակոբ Նալբանդն էլ կարծում  է, որ Թուրքիան թույլ չի տա Սիրիայի մասնատումը, որովհետև այն կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ.

«Իսկապես, Թուրքիային ձեռնտու է միասնական Սիրիա։ Թուրքիան երբեք թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսային հատվածում դե ֆակտո ինչ-որ քրդական ինքնավարություն առաջանա։ Չմոռանանք, որ 20 մլն քուրդ կա Թուրքիայում»։

Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ նախօրեին ունեցած հանդիպումից հետո Սիրիայի նոր առաջնորդ ալ-Շարաան հայտարարել է, որ Սիրիայի բոլոր զինված խմբավորումները, այդ թվում՝ քրդական ուժերը պետք է լուծարվեն։

Արդեն հայտարարվել է նաև առաջիկա ուրբաթ Էրդողանի՝ Դամասկոս հնարավոր այցի մասին։ Մինչ այդ, Al Arabiya-ի փոխանցմամբ, Էրդողանն այսօր խորհրդարանում հայտարարել է․ «Քրդերը կա՛մ պետք է վայր դնեն զենքերը, կա՛մ  նրանց կթաղեն սիրիական հողերում»։  

Սևակ Հակոբյանի համոզմամբ՝ Սիրիայի նոր կառավարության և Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականության միջև լուրջ տարբերություններ չկան։

«Այդ իմաստով, նրանք միշտ պետք է գործակցեն և թուրքական ծրագրերը տարածաշրջանում այդ միջոցով պետք է իրականանան։ Թե դա որքան երկար կարող է տևել, որքա՞ն կարող է այս նոր ստեղծվող պետությունը կամ պետականությունն իր այսօրվա հայտարարվող, ասենք, ոչ համայնքային, կամ, այսպես ասած, բաց, հանդուրժողական իրավիճակը պահպանել՝ դա հարցական է, ժամանակի հարց է։ Բայց, ես կարծում եմ, որ, ի վերջո, բոլորի դեմքը կբացահայտվի, քանի որ հնարավոր չէ, որ այս ձևով իրենք կարողանան ծածկել այդ փաստը, որը հիմա «ռեբրենդինգի» տրամաբանությամբ անում են»։

Հայտնի է, որ Թուրքիան նաև նախապատրաստվում է քրդական այդ շրջանները։ Թուրքագետ Նելլի Մինասյանը, խոսելով Սիրիայի քրդական զինված խմբավորումների հարցի լուծման Թուրքիայի ցանկության մասին, կարծիք է հայտնում, որ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Սիրիայում կորցնի իր «ռազմավարական ակտիվը»։ Այսինքն՝ թույլ չի տա, որ Թուրքիան ոչնչացնի քրդական զինված խմբավորումները և, ի վերջո, քրդերին կհաջողվի Թուրքիայի ուղիղ հարևանությամբ ստեղծել երկրորդ քրդական ինքնավարությունը։

«Ամերիկացիները, իմ կարծիքով, ավելի շուտ կգնան նման սցենարի Քրդստանի համար։ Ի՞նչ իրավիճակ սա կստեղծի Թուրքիայի համար. Թուրքիան իրականում չի լուծում քրդական հարցը, չի կարողանում լուծել քրդական հարցը, կամ՝ նրան ոչ ոք թույլ չի տա, որ ինքը լուծի քրդական հարցը, և երկրորդը՝ նա արդեն ուղիղ իր հարևանությամբ ստանում է երկրորդ ինքնավարություն»։  

Ահմեդ ալ-Շարաան օրերս խոսել է նաև Սիրիայում Ռուսաստանի ներկայության մասին, նշել Սիրիայի և Ռուսաստանի միջև երկարամյա կապերը՝ հավելելով, որ Սիրիայի նոր կառավարությունը չի շտապում Ռուսաստանին դուրս հանել երկրից։

«Մենք կցանկանայինք վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները՝ Սիրիայի ինքնիշխանության, կայունության ու նրա անվտանգության հիման վրա»,-հայտարարել է ապստամբական կառավարության առաջնորդը։    

Թուրքիան, մինչդեռ, հայտարարել է, թե չի աջակցում Սիրիայում օտարերկրյա բազաների առկայությանը՝ անկախ դրանց ռուսական կամ ամերիկյան լինելուց։

Source link

Leave a Comment