
Բայց ադրբեջանցի հեղինակն այդ հեռանկարը պայմանավորում է նրանով, թե տարածաշրջանի երկրներն ինչպես կպահպանեն «ռազմավարական ինքնուրույնությունը», այսինքն՝ կկարողանա՞ն Չինաստանի և Ռուսաստանի միջև սեղմված լինելով՝ հետամուտ լինել սեփական ազգային շահերին, իրականացնեն իրենց համար նախընտրելի ներքին և արտաքին քաղաքականություն, որ այլ երկրից մեծ կախվածություն չունենան: Այդ մակարդային հասնելու համար, ըստ ադրբեջանցի մեկնաբանի, Կենտրոնական Ասիայի երկրները պետք է ապահովեն «ինքնաբավ անվտանգություն, ինքնաբավ տնտեսություն, ինքնաբավ մշակույթ»:
Ինչպես ընդունված է ասել, ցանկացած տեսակետ գոյության իրավունք ունի: Այս դեպքում՝ առավել ևս, որովհետև Բաքվի լրատվամիջոցը փաստացի պետական-պաշտոնական տեսակետ է արտահայտում: Դա հիմնավոր պատճառներ ունի: Նախ՝ Իլհամ Ալիևը չի թաքցնում, որ հետամուտ է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Ադրբեջանի ազդեցության տարածմանը: Ամենևին էլ պատահական չէ, որ ադրբեջանցի հեղինակը ենթատեքստով այնպես է ներկայացնում, որ Ալիևը լուծել է «ինքնաբավ անվտանգության, տնտեսության և մշակույթի հարցերը, ուստի Կենտրոնական Ասիան այդ փորձը պետք է ընդօրինակի»:
Կենտրոնական Ասիայի զարգացման հեռանկարի նկատմամբ ադրբեջանցի վերլուծաբանի անթաքույց «թերահավատության» հիմնական մոտիվացիան, սակայն, գալիս է նրանից, որ ԱՄՆ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովին Իլհամ Ալիևի մասնակցության գաղափարը Դոնալդ Թրամփի կողմից աջակցություն չի ստացել: Այս իրողությունը բավական բազմաշերտ է և, ամենայն հավանականությամբ, առնչվում է նաև հայ-ադրբեջանական կարգավորմանը, Սյունիքի հարավում TRIPP ծրագրի իրականացմանը և վկայում է, որ օգոստոսի 8-ի համաձայնություններն ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների նախապայման են:
Ըստ այդմ՝ Միացյալ Նահանգներն Ադրբեջանի համար Կենտրոնական Ասիայում իր քաղաքականության մոդերատորի դեր չի նախատեսել: Համենայն դեպս, այս փուլում Ադրբեջանը գնահատվում է Հարավային Կովկասի իրավա-քաղաքական առումով համարժեք-հավասարազոր երեք երկրներից մեկը: Ադրբեջանցի մեկնաբանը հիշել է Զբիգնև Բժեզինսկու հայտնի բնորոշումը, որ Կենտրոնական Ասիայի համար Ադրբեջանը Կասպյան տարածաշրջան մուտքի «շամպայնի խցան է»: ԱՄՆ-ն, կարծես, «խցանահանը պահում է իր ձեռքում»: