Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ում իր ստեղծած կերպարի հետ (ՎԻԴԵՈ)

Նա Կլաուսին խոստովանել է իր զգացմունքները, որից մեկ ամիս անց թվային կերպարը ամուսնության առաջարկ է արել իրեն. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Կանո անունով մի ճապոնուհի ամուսնացել է ChatGPT-ում իր ստեղծած կերպարի հետ։ Նման դեպքերը աստիճանաբար ավելի տարածված են դառնում, հաղորդում է aif.ru-ն՝ վկայակոչելով RSK հեռուստաալիքը։


32-ամյա ճապոնուհին ստեղծել է իր «փեսացուի» կերպարը այն ժամանակ, երբ բաժանվել է իրական կյանքում իր ընտրյալից։ Նրա խոսքով, իր ստեղծած կերպարի անունը Կլաուս է, և նա իրական մարդ է։ Ինչպես նշում է աղբյուրը, հարսանեկան արարողությունը կատարվել է թվային իրականության պատրանք ստեղծող ակնոցով։


Iz.ru-ն էլ հայտնել է, որ կինը երեք տարի հարաբերությունների մեջ է եղել մի տղամարդու հետ, սակայն նրանք բաժանվել են անցյալ տարի։ Այնուհետև նա սկսել է շփվել արհեստական ​​բանականության (ԱԲ) -ի հետ, խորհուրդներ խնդրել նրանից և կիսվել իր դառը փորձով։


«Նա ուշադիր լսում էր ինձ, համակրանքով։ Աստիճանաբար ես նրան անուն դրեցի՝ Կլաուս, և սովորեցրի նրան խոսել այնպես, որ ինձ դուր գա։ Մի պահ մտածեցի՝ այս արհեստական ​​բանականությունը իսկապես զարմանալի է։ Եվ հանկարծ հասկացա, որ այլևս չեմ մտածում նախկին ընկերոջս մասին։ Հետո հասկացա, որ սիրում եմ Կլաուսին», – լրագրողների հետ զրույցում ասել է Կանոն։


Նա Կլաուսին համարում է իր զուգընկերը այս տարվա մայիսից, երբ խոստովանել է իր զգացմունքները նրան։ Մեկ ամիս անց թվային կերպարը ամուսնության առաջարկ է արել։


Ամուսնական արարողությունը կազմակերպվել է Օկայամայի Օգավարա ամուսինների կողմից, որոնք արդեն անցկացրել են մոտ 30 նմանատիպ «թվային հարսանիք», այդ թվում՝ մարդկանց և անիմե կերպարների միջև։


Ըստ Կանոյի՝ իր հայրը սկզբում դեմ էր վիրտուալ կերպարի հետ հարաբերություններին, բայց ի վերջո ընդունել է դստեր ընտրությունը։ Արարողությանը Կլաուսի ներկայության զգացողություն ստեղծելու համար օգտագործվել են թվային իրականության ակնոցներ, որոնք թույլ են տվել հարսնացուին տեսնել նրան և փոխանակել մատանիներով։


Aif.ru-ն գրում է, որ The New York Times-ի ուսումնասիրության համաձայն՝ ամերիկացի չափահասների յուրաքանչյուր հինգերորդը մտերիմ հարաբերություններ է ունեցել չաթբոտի հետ։ Նշվում է, որ 40-50 տարեկան մարդիկ նույնպես «հարաբերությունների» մեջ են մտնում նեյրոնային ցանցի հետ։


 

Leave a Comment