12 նոյեմբերի 2025 – 13:58 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում տված ճեպազրույցի ընթացքում խոսել է վերջին շրջանում կատարված սպառազինության ձեռքբերման մասին` նշելով որ ՀՀ ռազմավարությունը հիմնված է լեգիտիմության վրա, հայտնում է Արմենպրեսը։
«Ինչո՞ւ ենք մենք հիմա այդ սպառազինությունները կարողանում ձեռք բերել, իսկ նախկինում՝ ոչ: Կետերից կարևորագույնն այն է, որ մեր ռազմավարությունները հիմա հիմնված են լեգիտիմության վրա: Այն ժամանակ մարդիկ մեզ թափանցիկ ասում էին՝ ամենայն հարգանքով, բայց չեն կարող մեզ սպառազինություն վաճառել, որովհետև չունեն երաշխիք, որ այդ սպառազինությունը չենք օգտագործի մեր ինքնիշխան տարածքի հետ կապված կարիքներից դուրս, այսինքն՝ չենք տեղակայի տարածքներում, որը չի հանդիսանում մեր միջազգայնորեն ճանաչված սահմանը»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը նաև նշել է, որ պատրաստակամ է հրավիրել լրագրողներին՝ ծանոթանալու նոր համալրված սպառազինությանը, սակայն առանց դրա լուսաբանման։
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է վերջին տարիներին ձեռք բերած սպառազինությունն ու տեխնիկան ցուցադրել ոչ միայն քաղաքական ուժերին, այլև ՀՀ քաղաքացիներին։ Նա հորդորել է 50 հոգանոց խմբեր կազմել և ընտրել պատասխանատուի, նման միջոցառմանը մասնակցելու համար։