Տարածքի փոխանակում առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման հնարավոր չէ անել․ այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով․
- Մենք ամենօրյա աշխատանք ենք տանում գերիների հարցի ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ եթե լինի խաղաղություն, մնացած բոլոր հարցերն էլ կլուծվեն։
- Ադրբեջանի նախագահն ասել է, որ Ցարական Ռուսաստանի ժամանակների քարտեզներում Սևան չի եղել, ուրիշ անուն է եղել, ես էլ ասում եմ՝ այդ նույն քարտեզներում Հայաստան կա, Ադրբեջան չկա։ Եթե հետ ենք գնում, մինչև ո՞ր թիվը հետ գնանք։
- 2018-ին, երբ բանտում էի, Կարեն Կարապետյանը եկել է և խոսել Սերժ Սարգսյանի անունից, ասել է, որ ինձ ազատում են, և հեղափոխական պրոցեսը չի շարունակվում։ Ես ասել եմ՝ ոչ, դա բացառվում է։ Իսկ փոխվարչապետի պաշտոնի մասին ընդհանրապես որևէ խոսակցություն տեղի չի ունեցել։ Որևէ պաշտոնի մասին որևէ խոսակցություն ընդհանրապես չի եղել։
- Ես Աստծո հետ իմ հարաբերություններում այլոց աջակցության կարիքը չունեմ։ Ես պատարագի եմ գնում, չեմ գնում հանրահավաքի։
- Հիմա ընդդիմադիրներին չեն գաղտնալսում, հիմա գաղտնալսում են նրանց, ում օրենքով է սահմանված գաղտնալսել։
- Ես նախկինում էլ եմ ասել, որ կհրապարակեմ բանակցային փաստաթղթերը, բայց փաթեթի տերը միայն մենք չենք: Ենթադրվում է, որ մինչև տարվա վերջ ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի, և այդ բարոյական և քաղաքական արգելքը կվերանա։ Այսինքն՝ այդ սուբյեկտը չի լինի, և մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակելու հարցում: Իսկ Սերժ Սարգսյանի նամակը՝ ուղղված այլ երկրի ղեկավարի, ես խնդրել եմ գաղտնազերծման գործընթաց անցկացնել, կհրապարակեմ, կտեսնեք:
- Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմաթիի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը, որից հետո կքննարկվեն բոլոր կոմբինացիաները։
- Տարածքի փոխանակում առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման հնարավոր չէ անել։