Քննչական կոմիտեի ղեկավարին ուղղված հայտարարություններից հետո Բագրատ Սրբազանին հարցաքննության են կանչել։ Այդ մասին նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանն է հայտնել։
«Քիչ առաջ դուրս եկա ՀՀ ՔԿ Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության շենքից, որտեղ որպես պաշտպան՝ մասնակցում էի Բագրատ Սրբազանի հարցաքննությանը:
Վերջին օրերին Քննչական կոմիտեի ղեկավարին ուղղված Բագրատ Սրբազանի հարցադրումներից հետո նման հարցաքննությունը սպասելի էր:
Հ.Գ. Անկանոն շարժումները շարունակվում են…»,- սոցցանցի իր էջում գրել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանը հայտարարել էր. «Եթե ՔԿ նախագահը մինչև նոյեմբերի 13-ը չփաստի, որ գործում առկա է իբր իմ ձեռագրով գրված «ահաբեկչության պլանավորում» ծրագիրը, ապա պետք է պաշտոնազրկվի, կոչումազրկվի և ենթարկվի քրեական պատասխանատվության՝ զրպարտության, ճշմարտության միտումնավոր խեղաթյուրման և կեղծիքի քարոզչության համար»։
Ավելի վաղ էլ Քննչական կոմիտեն հրապարակել էր ձայնագրություններ՝ դրանք ներկայացնելով որպես «հիմնավորում», թե «Սրբազան պայքարի» մասնակիցները «ահաբեկչության» են պատրաստվել: