Վրաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց են ունեցել Վրաստանի տարածքում թուրքական ռազմական ինքնաթիռի վթարի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։
«Պաշտպանության նախարար և փոխվարչապետ Իրակլի Չիկովանին զրուցել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Չիկովանին խորը ցավակցություն է հայտնել վրաց-ադրբեջանական սահմանի մոտ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ռազմական ինքնաթիռի վթարի կապակցությամբ», – ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանից Թուրքիա թռչող C-130 ռազմական բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել ադրբեջանա-վրացական սահմանին: Օդանավում անձնակազմի հետ միասին եղել է 20 թուրք զինծառայող։ Վթարի գոտում որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են: