
Պետական սահմանի ցամաքային անցմանկետերում տրանսպորտային միջոցների մուտքի ժամանակ հարկերի ու վճարների գանձման արդյունքում առաջացող կուտակումների նվազեցմանը և որոշակի դեպքերում ճանապարհային հարկի արտոնությունների սահմանմանը միտված նախաձեռնությունը քննարկվել է Ազգային ժողովի՝ նոյեմբերի 11-ի հերթական նիստում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Կառավարությունն առաջարկում է հետաձգել պետական սահմանի ցամաքային անցման կետերում վճարվող բնապահպանական ու ճանապարհային հարկերի և պետական տուրքի վճարումները:
Նախատեսվում է բնապահպանական հարկի վճարման ժամկետ սահմանել մինչև ավտոտրանսպորտային միջոցների ՀՀ մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ, իսկ մինչև նշված ժամկետը տարածքից ելքի դեպքում՝ մինչև ՀՀ տարածքից ելքը: Գործող կարգի համաձայն՝ վերոնշյալ հարկը վճարվում է ՀՀ մուտք գործելու պահին:
Նախաձեռնությամբ առաջարկվում է ճանապարհային հարկը եւս վճարել ՀՀ սահմանը հատելուց հետո առաջիկա 15 օրերի ընթացքում, ոչ ուշ՝ քան ՀՀ տարածքից ելքը:
Համլետ Սահակյանի տեղեկացմամբ առաջարկվում է հանել սահմանին վճարվող՝ 5000 դրամի չափով պետական տուրքը, ինչպես նաև այն վերանայել մաքսային ձևակերպումների ժամանակ: «Առաջարկվում է այս պահին գործող մինչև 3 տոննա ապրանքների ներմուծման համար սահմանված 5000 դրամը դարձնել 7000 դրամ, 3 տոննայից մինչև 10 տոննայի համար՝ 10.000 դրամը դարձնել 13.000 դրամ, 10 տոննայից մինչև 25 տոննայի համար՝ 15.000 դրամը դարձնել 18.000 դրամ, 25 տոննայից մինչև 60 տոննայի համար՝ 20.000 դրամը դարձնել 24.000 դրամ, իսկ 60 տոննայից ավելիի դեպքում` 30.000 դրամը դարձնել 35.000 դրամ»,- ընդգծել է զեկուցողը:
Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված)՝ Հայաստան մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափը սահմանել միասնական՝ նկատի ունենալով այն, որ նորմաների սահմաններից ավելի արտանետումների համար առկա են համապատասխան օրենսդրական կարգավորումներ, այդ թվում՝ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Առաջարկվում է նաև ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների՝ Հայաստանի տարածքից ելքը ճանապարհի անանցանելիությամբ պայմանավորված անհնար լինելու դեպքում ճանապարհային հարկ վճարողներին ազատել համապատասխան ժամանակահատվածի համար հաշվարկման ենթակա ճանապարհային հարկից:
Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը: