Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու երիտասարդ մեքենաներից գողանում են հաշվառման համարանիշներ ու հայելիներ և վերադարձնելու համար մեքենային փակցնում են «Տելեգրամի» հասցե: Այս մասին հայտնում է ՆԳՆ-ը:
Նոյեմբերի 8-ի առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում, Գյուլիքևխյան փողոցում երիտասարդները հայտնաբերվել են՝ գողոնը ձեռքներին: Ավտոմեքենայի հաշվառման համարանիշներն ու կողային հայելիները նետելով` նրանք դիմել են փախուստի։
Աջափնյակ թաղամասի բնակիչ 23-ամյա երիտասարդի փախուստը կանխվել է, և շորթում կատարելու հիմնավոր կասկածով նա ձերբակալվել է ու տեղափոխվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին: Որոշ ժամանակ անց հայտնաբերվել է նաև 30-ամյա երիտասարդը։
Գողության թիրախ դարձած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն փակցված էր տելեգրամյան հասցեով թերթիկ: «Ֆորդի» տիրոջից ընդունվել է հաղորդում. ըստ նրա` պատճառվել էր մոտ 100 հազար դրամի վնաս:
Եվ սա միակ դեպքը չէր: Ըստ նախնական տվյալների՝ նրանք տելեգրամյան նույն հասցեով թերթիկ էին փակցրել նաև Հովհաննիսյան փողոցի բակերից մեկում կայանված «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն: «Հոնդայի» տերը նույնպես տվեց հաղորդում, որ նույն գիշերը գողացել են մեքենայի կողային հայելիների ապակիները:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։