Նախատեսվում է հունվարի 27–ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր

Հայաստանում առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Այն կլինի ոչ աշխատանքային օր

Նախատեսվում է հունվարի 27–ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր


ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․ԱՌԿԱ/․ Հայաստանում առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Այն կլինի ոչ աշխատանքային օր։


«Հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները, ապրիլյան պատերազմի, 44-օրյա պատերազմի, Հայաստանի դեմ հարձակումների օրերին, 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների օրերին մեր տված զոհերի փաստը, նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղության հռչակագրի ընդունման փաստը՝ կարևոր է դառնում 1 օրվա սահմանումը, որի ընթացքում մենք կհարգենք տարբեր տարիների ռազմական իրադարձությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհածների հիշատակը, կխոնարհվենք նրանց առաջ: Մենք առաջարկում ենք, որպեսզի այդ օրը լինի հունվարի 27-ը, այսինքն՝ Բանակի օրվան՝ հունվարի 28-ին, նախորդող օրը», – երեքշաբթի հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ–ում։


Խոսելով ամսաթվի ընտրության մասին՝ Ռուբինյանը նշեց, որ այն կապված չէ որևէ կոնկրետ ռազմական գործողության հետ, բայց ունի որոշակի տրամաբանություն և իմաստ։


«Մենք համարում ենք, որ հունվարի 27-ը կարող է լինել այդ օրը, որովհետև առաջին օրը մենք հարգանքի տուրք կմատուցենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին, կհարգենք նրանց հիշատակը, իսկ հաջորդ օրը՝ Բանակի օրը՝ որպես շարունակվող կյանքի և անկոտրում կյանքի խորհրդանիշ, արդեն կտոնենք Բանակի օրը», – պարզաբանել է Ռուբինյանը՝ նշելով, որ սա չի նշանակում մոռացության մատնել պատմության մեջ կարևորություն ունեցող այլ օրեր, չի նշանակում փոխարինել դրանք:

Leave a Comment