ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույցի ընթացքում ղազախական 4-րդ կարգի ցորենի մասին ընդդիմության մեկնաբանություններին ի պատասխան հիշեցրեց, որ նույն ընդդիմությունն ասում էր, որ սա միակողմանի ապաշրջափակում է, և Հայաստանը մնալու է շրջափակման մեջ, որ Հայաստանը միակողմանի զիջումներ է արել, Ադրբեջանի համար է միայն ապաշրջափակում լինելու, իսկ հիմա իրենք քննարկում են, թե ցորենը որ կարգի է։ Ըստ Ռուբինյանի՝ սա արդեն խոսում է ամենի մասին։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հնչեցրած հայտարարությունների մասին Ռուբինյանն ընդհանրական պատասխան տվեց․ «Պետք է ասեմ, որ Ադրբեջանի արտգործնախարարը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ են ասում․ Հայաստանը պատերազմ չի հրահրել, Հայաստանը պատերազմ չի սկսել, Հայաստանը չի դադարեցրել բանակցային գործընթացը․․․ Ես համաձայն չեմ»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ բանակցություններից հրաժարվելուն, Ռուբինյանն ասաց, որ 2019 թվականին չի եղել առաջարկ, որին Ադրբեջանը համաձայնել է, իսկ Հայաստանը՝ ոչ։
Ըստ Ռուբինյանի՝ 2010-ական թթ․-ին հնչած բոլոր առաջարկները ենթադրել են նույնը՝ հայկական ուժերը դուրս են գալիս յոթ շրջաններից, Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքի շուրջ առնվազն ռուս խաղաղապահներ են կանգնում, և կարգավիճակի հարցին չի լինում անդրադարձ։
«Իմ նշած այս ամեն ինչը նոյեմբերի 9-ին արդեն տեղի է ունեցել․ մենք արդեն տեսել ենք, թե ինչ է լինում, երբ հայկական ուժերը դուրս են գալիս յոթ շրջանների մի մասից, երբ Լաչինի միջանցքն ու Լեռնային Ղարաբաղը մնում են ռուս խաղաղապահների հույսին»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե իր տարիները խաղաղ են եղել, Ռուբինյանն ասաց, որ «այո, պարտքով վերցված խաղաղ տարիներ են եղել»։
Լրագրողների հետ զրույցում Ռուբինյանը նաև նշեց, որ սահմանազատման հետ կապված, այդ թվում՝ անկլավների հարցով որևէ նորություն չկա։