Փաշինյանը որոշել է հրապարակել այդ փաստաթղթերը՝ նախընտրական քարոզչության տրամաբանությունից ելնելով. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների հարցազրույցների մեսիջները որո՞նք էին, հարցազրույց տալու ժամանակաշրջանը պատահակա՞ն էր ընտրված:

– Ժամանակային առումով, անշուշտ, պատահական չէին խոսի նախկին նախագահները, բայց չեմ կարծում, թե ժամանակի հարցն այստեղ ինչ-որ առանձնահատուկ բան էր պարունակում: Երկրորդ նախագահի հարցազրույցի ժամանակահատվածը փաստացի ընտրված էր 44-օրյա պատերազմի ու նոյեմբերի 9-ի տարելիցը, երրորդ նախագահինը ևս նույն սկզբունքով էր ընտրված, չնայած նույն օրը չէր: 

Ասելիքի առումով՝ ես կարծում եմ, երկուսի պարագայում էլ առանձնահատուկ նոր հանգամանք չկար հարցազրույցներում: Երրորդ նախագահի հարցազրույցում միակ ինտրիգային հանգամանքը Սվիտալսկու դերակատարման մասին հիշատակումն էր, որ նա ուղիղ դեր է ունեցել այդ պրոցեսներում կամ հաղորդակցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Բայց, մեծ հաշվով, որևէ կոնկրետ նոր ինֆորմացիա չկար: 

Ես հակված եմ կարծելու, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցը ավելի շատ միտված էր ոչ թե հասարակական արձագանքներին, այլ քաղաքական դերակատարների շրջանակում ինչ-որ մեսիջներ պարունակող հարցազրույց էր, ու, ըստ ամենայնի, այդ դերակատարները ստանում են այդ մեսիջները ու թե ինչպես վերաբերվել դրանց, արդեն իրենք եզրակացություն կանեն: 

– Նախկին նախագահների հարցազրույցներին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը, խոստացել հրապարակել Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը: Արձագանքն ինչպե՞ս եք գնահատում, ըստ ձեզ՝ հրապարակվելիք փաստաթղթերը լինելու են ամբո՞ղջ ժամանակահատվածի վերաբերյալ, թե՞ բանակցային կոնկրետ հատվածի:

– Փաշինյանն իր ամպլուայի մեջ է արձագանքել, նա փորձեց օգտագործել նախկին նախագահների հարցազրույցները ու դրանց վրա իր միավորները հավաքել, այսինքն՝ նախկինների հանգամանքը հնարավորինս խաղարկելու համար: 

Ինչ վերաբերում է մինչև տարեվերջ այդ փաստաթղթերը հրապարակելուն. ես կարծում եմ, որ եթե անգամ բոլոր փաստաթղթերը հրապարակվեն, այդուհանդերձ, դժվար թե հնարավոր լինի հասկանալ արցախյան հակամարտության ու կարգավորման ողջ տարողությունը, որովհետև կարծում եմ, որ որևէ մեկը չի կասկածում ու չի առարկի, որ դա եղել է աշխարհաքաղաքական մրցակցության հարց ուժային խաղացողների միջև: 

Այստեղ չափազանց կարևոր է ոչ միայն այն, թե ի՛նչ փաստաթղթային բազա է եղել, այլ նաև շատ կարևոր է առանձին հակամարտող կողմերի երկկողմ հարաբերությունները միջնորդ համանախագահ երկրների հետ, երկկողմ հարաբերությունները շահառու այլ երկրների հետ, նաև միջնորդ համանախագահ երկրների հարաբերությունները միմյանց հետ, տարածաշրջանային այլ երկրների փոխհարաբերությունները: 

Այսինքն՝ ես չեմ կարծում, որ արցախյան հարցի վերաբերյալ պատկերացում կազմելու համար միայն բանակցային փաստաթղթերին ծանոթանալը բավարար էր, պետք է պատկերացում նաև աշխարհաքաղաքական շերտերի վերաբերյալ, որովհետև խնդիրը եղել է ոչ թե հարցը կարգավորելը, որովհետև բոլորն են հասկացել, որ հարցի կարգավորումը չափազանց բարդ է, այլ՝ կառավարել հարցը: 

Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի նախկին իշխանությունները ևս խնդրին մոտեցել են այդ տեսանկյունից, այսինքն՝ համարել են, որ հարցն այդտեղ կառավարման խնդիրն է, կառավարել հարցը՝ թույլ չտալով, որ հարցը մտնի պատերազմական տաք ռեժիմ: Եթե անգամ Նիկոլ Փաշինյանը հրապարակի այդ փաստաթղթերը, ապա դրանք բացի քարոզչական դաշտ բացելուց, բացի ներքաղաքական մանիպուլյացիաների հերթական չափաբաժնի առիթ լինելուց, չեմ կարծում, թե գործնականում ինչ-որ էֆեկտ կարող են ունենալ հարցի վերաբերյալ առավել ընդգրկուն ու համարժեք պատկերացում կազմելու համար:

– Պարո՛ն Բադալյան, իսկ ինչո՞ւ է Փաշինյանը որոշել հրապարակել դրանք այս ընթացքում, որովհետև ամիսներ առաջ նրան արվել էր այդ առաջարկը, բայց արձագանք չկար: 

– Որովհետև նրան պետք է այդ քարոզչական առիթն ու մանիպուլյատիվ նոր դաշտի տարածության բացումը, ինչն անկասկած բխում է նախընտրական քարոզարշավի տրամաբանությունից: 

– Որ ասացիք, թե Սերժ Սարգսյանը մեսիջներ էր ուղարկում քաղաքական դաշտին, կհստակեցնե՞ք՝ ի՛նչ նկատի ունեք:

– Դա կհասկանան այդ անձինք, որովհետև մենք նրանց ներքին հարաբերություններին ծանոթ չենք թե՛ 2018-ից առաջ, թե՛ հետո: Իմ գնահատմամբ՝ 2018-ը տեղի է ունեցել, որովհետև այդ կետում համընկել են բոլոր ներքին ու արտաքին դերակատարների շահերը, ու դրա համար էլ մենք ունեցանք այդ արագ ու անարյուն փոփոխությունը: Այս տեսանկյունից, Սերժ Սարգսյանի արած արտահայտությունները, հիշատակած դրվագները հասկանալի կլինեն միայն այն ուժերին, որոնց շահերը հենց այդ կետում համընկել են: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Leave a Comment