«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «+374» քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանը
– Պարո՛ն Միսկարյան, էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել 2008-2014 թվականներին Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքները հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար, նրան կալանավորելու միջնորդությունը, սակայն, դատարանը մերժեց: Գործընթացն ինչպե՞ս եք գնահատում:
– Քերոբյանի գրառումից պարզ էր, որ մեկ կամ ավելի տարի քննվող գործ է, այն, որ այդ գործի շրջանակներում միջնորդություն է ներկայացվել ձերբակալությունների և այլնի: Դա շատ զարմանալիորեն ու անսպասելի կերպով համընկավ մյուս գործում մեղադրող կողմի ունեցած անհաջողությունների հետ, ինչը խոսում է քաղաքական նպատակներով Վահան Քերոբյանի վրա ճնշումներ գործադրելու փորձի մասին:
Պատճառները, իմ կարծիքով, հետևյալն են. Քերոբյանը իր գործի շրջանակներում ցուցմունք է տվել կոնկրետ հաղթող ընկերության հետ կապված զարմանալի միջադեպերի հետ կապված, մասնավորապես, որ այդ ընկերությունը եղել է սև ցուցակում, մեկ օրում հանվել է սև ցուցակից, հաղթել է մրցույթն ու էլի մտել սև ցուցակ:
Մյուսը՝ որ այդ ընկերությունը բազմաթիվ խախտումներ է թույլ տվել իր նախորդ տենդերների հետ կապված ու դրա պատճառով էլ է ընկել սև ցուցակ, սակայն հաշվի է առնվել, ըստ երևույթին, որ նա փոխկապակցված է ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ, ու շատ հնարավոր է, որ միջամտություն է եղել այդ գնումների ընթացքին:
Այդ ցուցմունքներից բխող ողջամիտ կասկածներ կարող էին լինել իրավապահ մարմինների մոտ, մյուս կողմից՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի գործն էր, որն էլի մեծ աղմուկ բարձրացրեց, իհարկե ոչ այնքան բավարար, որ դրանից հետո Տիգրան Ավինյանին կալանավորեն, բայց այնքան, որ հանրային դաշտում լուրջ հարցեր հնչեցին, ու «Հետքն» էլ հետաքննություն սկսեց, ըստ էության՝ էլի Քերոբյանի տված ցուցմունքների հիման վրա:
Սա փորձ է իրավապահ մարմինների միջոցով ճնշելու Քերոբյանին նախ, որ ինքն այդ ցուցմունքները դադարեցնի, երկրորդ՝ որ համակարգում գործող մյուս պետական ծառայողները իրենց տեղն իմանան, այսինքն՝ եթե մի օր սկսեն այս համակարգն ուզուրպացման տանող ուժերի նկատմամբ որևէ մեղադրանք ներկայացնել, նրանց նկատմամբ նույնպես նմանատիպ գործողություններ կլինեն: Այսինքն՝ գործում է կոռուպցիոն շղթա, ինչպես Դավիթ Սանասարյանի դեպքում էր, նույնն էլ, ըստ էության, Քերոբյանի հետ կապված գործն է:
– ԱՆԻՖ-ի գործով, ըստ ձեզ, ինչո՞ւ չեղան մեղադրյալներ, պատասխանատվության ենթարկվողներ:
– Մեր ունեցած դատական համակարգի նպատակը ոչ թե արդարություն հաստատելն է, այլ արդարության իմիտացիա ստեղծելն ու կողմնակալ որոշումներով համակարգը պահելը, որովհետև դատարաններն անկախ չեն, ինչպես նախկինում: Հիմա դեմքերն են փոխվել, բայց համակարգը մնացել է նույնը, բազմիցս ականատես ենք եղել դեպքերի, երբ Նիկոլ Փաշինյանը ուղիղ կերպով անուղղակի հրահանգներ է տվել քննչական կամ դատական մարմիններին, ինչը խոսում է այդ մարմինների անկախ չլինելու մասին: Այս միջավայրում սպասել, որ արդարադատություն կիրականացվի, բնական է, միամտություն կլինի: Դատարանները գործում են հանրային ակտիվություն դրսևորող, պետական համակարգի դեմ խոսող մարդկանց ճնշելու համար, որպեսզի այդ մարդիկ դադարեն այդ կերպ գործել:
– Ստացվում է, որ վստահություն չունե՞ք իշխանության այն պնդումների նկատմամբ, որ դատական համակարգն այժմ անկախ է, որ քաղաքական պատվերներ չեն իջեցվել ու չեն էլ իջեցվելու:
– Իհարկե վստահություն չկա, որովհետև համակարգում չի եղել որևէ փոփոխություն, ինչը մեզ հույս կտար, որ իշխանության ասածներն իրականություն են: Իշխանությունն ինչքան էլ որ ասի, թե ինքը համակարգը փոխել է, մենք գիտենք, որ էական որևէ փոփոխություն չի եղել:
– Պարո՛ն Միսկարյան, իսկ նմանատիպ գործերով հնարավո՞ր է մարդկանց ստիպել, որ հանրային ակտիվություն հանդես չբերեն, ինչպես ասացիք:
– Խնդիրը միայն այդ մարդիկ չեն, նրանք գուցեև չճնշվեն ու շարունակեն պայքարը, բայց շատ ուրիշներ, որոնք ականատես են լինում այս գործընթացներին, վստահաբար, տասն անգամ ավելի կսկսեն մտածել արդարության մասին խոսելուց առաջ: Այսինքն՝ գործող համակարգը միանշանակ իր ազդեցությունն ունենալու է բացասական իմաստով, այս ճնշումների հետևանքները մենք դեռ կտեսնենք:
Իշխանությունը հենց այս նպատակով էլ չգնաց համակարգի փոփոխությանը, ինքը որպես իշխանություն տենչացող սովորական քաղաքական գործիչ ունի իշխանությունը պահելու խնդիր, իսկ այս սուպերվարչապետական համակարգը բոլոր հնարավորությունները տալիս է դա ամենայն արդյունավետությամբ անել այդ բառի վատ իմաստով, այսինքն՝ ուզուրպացնել իշխանությունը ու շարունակել իշխել:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am