Ինչպես են Վաղարշապատում պատրաստվում համայնքի ղեկավարի ընտրություններին

Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին կկայանան ավագանու ընտրություններ։ Քվեարկությանը կմասնակցի ութ քաղաքական ուժ, որոնց թվում են՝ Խաչիկ Մանուկյանի գլխավորությամբ «Հայրենիք» կուսակցությունը, Սևակ Խաչատրյանի գլխավորած «Հաղթանակ» դաշինքը, որը միավորում է «Առաջ» և ՀՅԴ կուսակցությունները, Արգիշտի Մեխակյանի առաջնորդած ցուցակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Վահրամ Ազատյանի առաջնորդությամբ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Մայր Հայաստան» ազգային-ժողովրդավարական կուսակցությունը՝ համայնքապետի թեկնածուն՝ Գրիշա Հարությունյան, Արկադի Փայտյանի գլխավորությամբ «Ժառանգություն» կուսակցությունը, Հարություն Մկրտչյանի առաջնորդությամբ «Հանրապետություն» կուսակցությունը և «Համահայկական ճակատ» կուսակցությունը՝ ցուցակի առաջին համարը՝ Արտեմ Սիմոնյան:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ սրանք պարզապես հերթական ՏԻՄ ընտրությունները չեն:

«Խաղադրույքները շատ բարձր են։ Բացի այն, որ դրանք ունեն քաղաքական, նրանք ունեն նաև բարոյա-հոգեբանական, հոգևոր իմաստ։ Այս ընտրություններն իրենց կարևորությամբ մի քիչ ավելի բարձր են»,- նշել է նա։

Հակոբյանի համոզմամբ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտավախություն ունի, որ այս ընտրություններում կարող են կրկնվել Երևանի, Գյումրիի, Փարաքարի օրինակները, երբ չի հաջողվում ընտրությունների միջոցով 50+1% ձայն ստանալ։

«Առաջիկայում համապետական ընտրություններ են, բացի քաղաքական նշանակությունից, փաստը, որ ընտրությունները տեղի են ունենում Էջմիածնում՝ հաշվի առնելով եկեղեցու հետ իշխանությունների հարաբերությունները, սա նաև ունի բավականին լուրջ հոգեբանական, ուժային նշանակություն»,- պարզաբանել է նա։

Ընտրությունները տեղի են ունենում Շիրակի մարզի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի և Արագածոտնի թեմի առաջնորդի դեմ քրեական հետապնդումների ֆոնին։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը պարզաբանում է, որ չնայած պետական ու տեղական իշխանություններն օրենքով տարանջատված են, սակայն իշխող ուժը հայտարարել է, որ թույլ չի տալու Գյումրիի սցենարի կրկնությունը։

«Իշխանությունները քաղաքականապես հայտարարել են, որ չեն թույլ տալու, որպեսզի ընդդիմությունը հաղթի ՏԻՄ ընտրություններում։ Այսպիսով՝ Հայաստանում ստեղծված է իրավիճակ, որ իշխանություններրն ամբողջությամբ փորձում են զավթել տեղական ինքնակառավարումը»,- նշել է նա։

Վաղարշապատում քարոզարշավի ընթացքում արձանագրվել են խախտումներ, որոնք կապված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին վարչական ռեսուրսների օգտագործման հետ, օրինակ՝ կուսակցության քարոզչական նյութերը փակցվում են չսահմանված կամ արգելված վայրերում, բազմաբնակարան շենքերի ու հասարակական տարածքների արտաքին պատերին։

Բացի այդ՝ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հայտնել է, որ Վաղարշապատի գործող քաղաքապետ և «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արգիշտի Մեխակյանի ավելի վաղ արված հայտարարությունը, թե ընտրություններից երկու ամիս առաջ համայնքը պետական ​​բյուջեից ստացել է ավելի քան 500 միլիոն դրամ անհետաձգելի ենթակառուցվածքային նախագծերի համար, կարող է դիտվել որպես ընտրողների վրա ազդելու փորձ։

Ավելին, հասարակական դաշինքը հայտարարել է, որ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը աշխատանքային ժամերին պարբերաբար զբաղվում է նախընտրական քարոզչությամբ հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։

«Առնվազն վարչական ռեսուրսն օգտագործվել է և օգտագործվելու է։ Վարչական ռեսուրս, պաստառները չթույլատրված տեղերում դնել՝ այսպիսի բաներ անելու են և անում են»,- շեշտել է  Հակոբյանը։

Միքայելյանի խոսքով՝ ՔՊ-ն հստակ որոշում ունի՝ ամեն գնով հաղթել այս ընտրություններում անկախ հանգամանքներից, ինչը կարող է նախադեպ դառնալ 2026-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների համար։

«Այս ամենը տեղի է ունենում նախընտրական փուլում, և արդեն տեսնում եննք, որ սա կարող է որպես նախնական մոդել օգտագործվել խորհրդարանական ընտրությունների նկատմամբ»,- ընդգծել է քաղաքագետը։

Վաղարշապատը խոշորացված համայնք է, ներառում է Էջմիածին քաղաքը՝ 18 գյուղերով։ Քաղտեխնոլոգի խոսքով՝ հոգևոր մայրաքաղաքի 70 022 ընտրողների ձայնը կարևոր գործոն կարող է դառնալ Մայր Աթոռ մտնելու իշխանությունների ծրագրերի համար․ խոչընդոտներ չեն ունենա, մարդկանց հեշտությամբ կմոբիլիզացնեն։

«Երբ որոշեն վեհարանը գրոհել, դա կլինի նաև Վաղարշապատի ռեսուրսի շնորհիվ։ Իշխանություններն առնվազն 3 խնդիր են լուծելու, որից հոգևորն ու քաղաքականը գերկարևոր են իշխանությունների համար»,- պարզաբանել է Հակոբյյանը։

Նախընտրական քարոզարշավը սկսվել է հոկտեմբերի 22-ին և կավարտվի նոյեմբերի 14-ին՝ քվեարկությունից երկու օր առաջ։ Քվեարկության համար կբացվի 47 ընտրատեղամաս։ Ավագանու խորհուրդը և համայնքի ղեկավարը ընտրվում են հինգ տարի ժամկետով:

Արաքսյա Սնխչյան

Leave a Comment