Barclays-ը ձեռք կբերի ամերիկյան BestEgg ֆինթեքը՝ $800 միլիոնով

Barclays բանկը համաձայնագիր է կնքել ԱՄՆ-ում գործող BestEgg անձնական վարկավորման ստարտափը 800 միլիոն դոլար արժողությամբ գործարքի շրջանակում ձեռք բերելու վերաբերյալ, ինչը մեծ քայլ է բրիտանական բանկի՝ ամերիկյան սպառողական բանկային շուկայում ընդլայնման ճանապարհին։

BestEgg-ը հիմնադրվել է 2013թ.-ին և այդ ժամանակից ի վեր տրամադրել է ավելի քան 40 միլիարդ դոլարի վարկ երկու միլիոնից ավելի հաճախորդների, իսկ ներկայումս վերահսկում է շուրջ 11 միլիարդ դոլարի անձնական վարկերի պորտֆել։ Ընկերությունը դարձել է ԱՄՆ-ի առաջատար թվային վարկատուներից մեկը և հայտնի է իր հասանելի և ճկուն վարկային պրոդուկտներով։

Barclays-ը նախատեսում է պահպանել BestEgg-ի գործող բիզնես մոդելը՝ իր հաշվեկշռում պահելով նոր վարկերի միայն մի փոքր մասը։ Գործարքը կվերջնականացվի մինչև 2026թ.-ի երկրորդ եռամսյակը՝ կարգավորող մարմինների կողմից անհրաժեշտ հաստատումը ստանալուց և Barclays-ի և American Airlines-ի կողմից համատեղ բրենդավորված կրեդիտ քարտերի պորտֆելի վաճառքից հետո։

Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում

Leave a Comment