Փարիզի դատարանը կքննի Սարկոզիի՝ բանտից ազատ արձակվելու դիմումը

Քաղաքականություն

10.11.2025 | 14:39

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ բանտից ազատ արձակվելու դիմումը այսօր կքննվի Փարիզի դատարանում՝ մի քանի շաբաթ անց այն բանից, երբ նա սկսել է կրել հինգ տարի ժամկետով ազատազրկումը՝ Լիբիայից քարոզարշավի միջոցներ հայթայթելու համար դավադրության համար, գրում է Reuters-ը։

70-ամյա նախկին նախագահը մեղավոր էր ճանաչվել դավադրության մեջ՝ կապված նրա մերձավոր օգնականների կողմից 2007 թվականի նախագահական ընտրությունների համար Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամմար Քադաֆիից միջոցներ հայթայթելու ջանքերի հետ։ Նա արդարացվել է մնացած բոլոր դրվագներով մեղադրանքներից, այդ թվում՝ կոռուպցիայի և քարոզարշավի անօրինական ֆինանսավորում ստանալու։

Սարկոզիի բանտարկության դատավճիռն անմիջապես կիրառվել է՝ հանցագործության «անսովոր լրջության» պատճառով, ասել է դատավոր Նատալի Գավարինոն։ Ֆրանսիան 2007-ից մինչև 2012 թվականներին ղեկավարած Սարկոզին անցյալ ամիս բանտարկվել էր Փարիզի Լա Սանտե բանտում։

Ֆրանսիայի նախկին նախագահը մշտապես հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները և բողոքարկել վճիռը՝ իրեն անվանելով վրեժխնդրության և ատելության զոհ։ Նա չի մասնակցի լսումներին, բայց Վերաքննիչ դատարանում նրան կներկայացնեն փաստաբանները։

Փաստաբան Քրիստոֆ Ինգրենը Սարկոզիի բանտարկությունից հետո ասել էր, որ իր պաշտպանյալի «ժամանակավոր կալանքի» համար որևէ իրավական հիմք չկա։

Պաշտոնը թողնելուց հետո Սարկոզին բախվել է մի շարք իրավական գործերիի։ Անցյալ տարի Ֆրանսիայի բարձրագույն դատարանն անփոփոխ էր թողել նրա դատավճիռը կոռուպցիայի և ազդեցության չարաշահման համար՝ պահանջելով, որ նա մեկ տարի կրի էլեկտրոնային սարք՝ առաջին անգամ Ֆրանսիայի նախկին ղեկավարի համար։ Սարքն այժմ հանվել է։

Անցյալ տարի Վերաքննիչ դատարանը նաև անփոփոխ  էր թողել առանձին դատավճիռ՝ 2012 թվականին նրա անհաջող վերընտրության հետ կապված անօրինական քարոզարշավի ֆինանսավորման համար։ Այս գործով Ֆրանսիայի բարձրագույն դատարանի վերջնական որոշումը սպասվում է այս ամիս։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment