Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը ստացել է ռեկորդային աշխատավարձային փաթեթ, որը կարող է արժենալ գրեթե 1 տրիլիոն դոլար։ Այն կարող է Մասկին դարձնել առաջին տրիլիոնատերը
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Tesla-ի բաժնետերերը հաստատել են ընկերության հիմնադիր Իլոն Մասկի համար ռեկորդային փոխհատուցման փաթեթ, որը կարող է հասնել գրեթե 1 տրիլիոն դոլարի:
Աննախադեպ առաջարկին հինգշաբթի կայացած տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ կողմ են քվեարակել Tesla-ի բաժնետերերի մոտ 75%-ը: Այս մասին գրում է BBC-ն:
Մասկը պարտավորվում է առաջիկա 10 տարիների ընթացքում ընկերության շուկայի կապիտալիզացիան 1.4 տրիլիոն դոլարից հասցնել 8.5 տրիլիոն դոլարի, ինչպես նաև առևտրային շահագործման մեջ դնել 1 մլն Tesla Robotaxi ինքնագնաց մեքենաներ։
«Այն, ինչ մենք պատրաստվում ենք անել, պարզապես Tesla-ի ապագայի նոր գլուխ չէ, այլ միանգամայն նոր գիրք։ Մյուս բաժնետերերի ժողովները ձանձրալի են, բայց մերը՝ պայթուցիկ։ Սա հիանալի է», – ասել է Մասկը Տեխաս նահանգի Օսթինում կայացած հանդիպման ժամանակ։
Հաստատված փաթեթը նախատեսված է Մասկին Tesla-ում պահելու առնվազն 7.5 տարի։ Փաթեթը նրան թույլ կտա իր բաժնեմասը ընկերությունում 12%-ից մեծացնել մինչև 25%։
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը՝ հղում անելով CNN-ին, ծրագրի իրականացումը Մասկին կարող է դարձնել պատմության մեջ առաջին տրիլիոնատերը։ Հոկտեմբերի սկզբին գործարարն արդեն դարձել է առաջին մարդը, որի կարողությունը հասել է 500 մլրդ դոլարի։
Մասկն ակնարկել է, որ կարող է լքել Tesla-ն, եթե իր բաժնեմասը բավականաչափ չմեծանա, որն իրեն թույլ կտա ձևավորել ընկերության ապագան։
Ավելի վաղ Tesla ընկերության տնօրենների խորհուրդը հայտնել էր, որ Իլոն Մասկը կարող է հեռանալ պաշտոնից, եթե ներդրողները մերժեն նրա գրեթե մեկ տրիլիոն դոլար արժողությամբ փոխհատուցման փաթեթը։