Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի եղբայրական հարաբերությունները, ինչպես նաև երկու երկրների միջև սերտ դիվանագիտական և ռազմական կապերը հանգեցրել են Հարավային Կովկասում հիմնարար փոփոխությունների և մեծացրել Զանգեզուրի միջանցքի կարևորությունը։
Այս մասին է խոսել թուրք փորձագետ Բյուլենթ Երանդաջի «Հաղթանակը Ղարաբաղում և Զանգեզուրի միջանցքը» հոդվածում:
Հեղինակը նշում է, որ Եվրասիայի նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտը հաշվի է առնում Զանգեզուրի միջանցքը։ «Զանգեզուրի միջանցքը ոչ միայն թյուրքական պետությունները կապող երթուղի է, այլև աշխարհաքաղաքական երթուղիների կարևոր բաղադրիչ, որոնց նշանակությունը ճանաչվում է Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և Չինաստանում», – ընդգծում է Երանդաջը։
Նա Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ընկած ճանապարհը անվանում է Միջին միջանցքի հիմնական օղակ, ինչպես նաև Եվրասիայի և Աֆրիկայի միջև ապագա կապերի կարևոր բաղադրիչ։
Մասնագետը հավելել է, որ Հարավային Կովկասում նոր միջանցքների բացումը բխում է բոլոր երկրների շահերից։