Ստամբուլի գլխավոր դատախազությունը ձերբակալման օրդեր է տվել 37 իսրայելցի քաղաքական գործիչների և զինվորականների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար, Գազայի հատվածի վրա հարձակումների ժամանակ կատարված ցեղասպանության և ռազմական հանցագործությունների մեղադրանքով, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Օրդերները Գազայի հատվածի վրա Իսրայելի կողմից կատարված ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետաքննության մի մասն են։ Կասկածյալների թվում են իսրայելցի քաղաքական գործիչներ և զինվորականներ, որոնք մեղադրվում են հարձակումներ կազմակերպելու և աջակցելու մեջ, որոնք, ըստ դատախազության, սպանել են ավելի քան 68,000 պաղեստինցիների, հիմնականում կանանց և երեխաների։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը X սոցիալական ցանցում գրել է, որ Թել Ավիվը «վճռականորեն և արհամարհանքով մերժում է բռնակալ [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ] Էրդողանի վերջին PR հնարքը»։ «Թուրքիայում՝ Էրդողանի օրոք, դատական համակարգը վաղուց վերածվել է քաղաքական հակառակորդներին ճնշելու և լրագրողներին, դատավորներին ու քաղաքապետերին կալանավորելու գործիքի», – հավելել է նա։
Նեթանյահուն գտնվում է Միջազգային քրեական դատարանի ձերբակալման օրդերի տակ։ Իսրայելի վարչապետը կասկածվում է «մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների մեջ, որոնք կատարվել են առնվազն 2023 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ը ընկած ժամանակահատվածում»։ Թել Ավիվը այս միջոցառումն անվանել է հակասեմիտական։
