«Ոչ մի դրական բան չկա», «Ամեն ինչ լավ էր». քաղաքացիներն ամփոփում են տարին – Armenia Today

Տարվա ավարտին մնացել է ավելի քան մեկ ամիս։ 2025 թվականն իր հետ բերեց տարբեր փոփոխություններ՝ թե՛ երկրի քաղաքական, թե՛ հասարակական, թե՛ սոցիալական կյանքում։ Հայաստանը կանգնեց մի շարք փորձությունների առջև, բայց արձանագրվեցին նաև դրական փոփոխություններ և կարևոր իրադարձություններ։

Armenia Today-ը քաղաքացիներին խնդրել է ամփոփել տարին՝ արդյոք արդարացե՞լ են նրանց սպասումները, թե՞ ոչ։

Հարցվածների մեծամասնությունը դժգոհել է, ասելով, որ տարին բարեհաջող չէր։

«Միակ լավ բանն այն է, որ քրոջս որդին երեխա է ունեցել։ Իսկ քաղաքականությունը զրո է։ Չի կարելի լավ բան սպասել, սպասելիք չունենք։ Բարեհաջող տարի էր միայն նրանով, որ ես դեռ ողջ եմ, բայց կորուստներով ու ցնդաբանություններով լի տարի էր»,- նշել է քաղաքացիներից մեկը։

Հարցված քաղաքացիների մի մասն էլ լավատեսությամբ պատասխանել է, որ Հայաստանում ամեն ինչ լավ է։

«Շատ լավ է, քանի որ տարին խաղաղ ենք անցկացրել՝ առանց պատերազմների ու միջադեպերի։ Ուզում եմ՝ այսպես մնանք, չպակասենք»,- նշել է նրանցից մեկը։

Որոշ քաղաքացիներ շեշտել են, որ երկրի ներսում որևէ հաջողություն չեն տեսնում՝ արտերկրում անցկացրած ժամանակահատվածը հակադրելով հայաստանյան իրականությանը։

«Երկրում՝ ոչ մի բան, երկրից դուրս եմ եկել երեք ամսով, հաճույք եմ ստացել»,- նշել է նա։

Ըստ հարցման՝ քաղաքացիների մեծ մասն անկառավարելի է համարում երկրում ստեղծված իրավիճակը։

«Էս ի՞նչ է կատարվում։ Անկեղծ ասած՝ ոչ մի սպասելիք էլ չունեմ։ Շատ անկառավարելի վիճակ է․ ժողովուրդն անտրամադիր, տխուր, ոնց կայինք՝ այնպես էլ մնացինք»,- ասել է տարեց մի կին։

Հարցվածներից մեկն էլ նշել է, որ կորուստը միայն սահմանայինը չէ․ երկրի ներսում էլ մանկահասակ երեխաներ մահացան, սա նշանակում է՝ տարին կորուստներով էր։

«Կորուստներ ունեցանք, հենց մեկը՝ փոքր երեխաների կորուստը։ Կարևոր չէ, որ բարեկամ չէ, հարազատ չէ»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment