Մոսկվայի ներողությունը կարևոր քայլ է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ․ Ադրբեջանի ԱԳՆ

Քաղաքականություն

07.11.2025 | 19:47

Ադրբեջանա-ռուսական հարաբերությունները կառուցված են բարիդրացիության, հավասար երկխոսության, փոխադարձ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Հայտնի է, որ հարաբերություններում գրեթե մեկ տարի տևած լարվածությունը պայմանավորված էր AZAL օդանավի  խոցմամբ և Ռուսաստանի հետագա գործողություններով։ Մենք բազմիցս ընդգծել ենք, որ ակնկալում ենք ողբերգության լիարժեք և թափանցիկ հետաքննություն, պատասխանատուների բացահայտում և քրեական հետապնդում, ինչպես նաև  տուժածների փոխհատուցում: Այս քայլերը կարևոր են երկկողմ հարաբերություններում բացասական մթնոլորտը վերացնելու համար»,- ասել է նա։

Հաջիզադեն ընդգծել է, որ հոկտեմբերի 10-ին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպումը, ռուսական կողմի հայտարարությունները,  Ռուսաստանի զինված ուժերի կողմից ինքնաթիռի սխալմամբ խոցման խոստովանությունը և ներողության խնդրումը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նշանակալի քայլ են։

Բաքվի նաև մեկնաբանել է Ռուսաստանում ձերբակալված ադրբեջանական սփյուռքի անդամների հետ կապված իրավիճակը։

«Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի անդամների իրավունքները պաշտպանելու համար մեր երկրի արտաքին գործերի նախարարությունը, դեսպանատունը և գլխավոր հյուպատոսությունները մշտապես ձեռնարկում են համակարգված և հետևողական միջոցառումներ։ Բոլոր ձերբակալված քաղաքացիներին տրամադրվում է իրավական օգնություն և հյուպատոսական աջակցություն՝ օրենքի շրջանակներում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել «Ադրբեջանական ավիաուղիների»՝ AZAL-ի J2-8243 չվերթի Embraer 190AR ուղևորատար օդանավը։ Դրանում եղել է 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, 29-ը՝ ողջ մնացել։ Աղետի պատճառը, ըստ ադրբեջանական կողմի, ռուսական հակաօդային հրթիռային հարվածն է եղել։

Վերջերս էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը AZAL-ի օդանավի կործանումը կապել էր երկնքում ուկրաինական ԱԹՍ-ների առկայության հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment