Փաշինյանն ընդունել է շվեյցարահայ բարերար Վահե Գաբրաշին

Քաղաքականություն

07.11.2025 | 19:07

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարահայ գործարար Վահե Գաբրաշի հետ հանդիպմանը կարևորել է Գյումրիում բացված Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի դերը կրթության և զբոսաշրջության զարգացման գործում՝ ընդգծելով մասնավոր հատվածի ներդրումների նշանակությունը երկրի տնտեսական առաջընթացի համար։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Զրուցակիցներն անդրադարձել են օրերս Գյումրիում բացված Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի (SAAH) գործունեությանը։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ակադեմիայի դերը Հայաստանի կրթական և զբոսաշրջային ոլորտների զարգացման գործում՝ նշելով, որ այն հնարավորություն է ստեղծում երիտասարդների և մասնագետների համար ստանալու միջազգային որակի մասնագիտական կրթություն՝ առանց երկիրը լքելու։

SAAH-ը հիմնվել է աշխարհի առաջատար հյուրընկալության կառավարման կրթական հաստատության՝ Լոզանի հյուրընկալության դպրոցի հետ համագործակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վահե Գաբրաշի կողմից Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։

Վարչապետը բարձր է գնահատել ներդրումային ծրագրերի իրականացումը՝ երկրի զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման և միջազգային բիզնես կապերի ընդլայնման համատեքստում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment